Հարձակում` Ղարաբաղի օլիգարխների տարածքների վրա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 3, 2009 14:06

morexՂարաբաղն արդեն մի քանի ամիս է` ասպատակված է. սակայն այս անգամ թշնամին ոչ թե հարևան պետությունն է, այլ մարոկկոյան մորեխը, որոնցով լցված են արտերը: ԼՂՀ Բույսերի պաշտպանության ծառայությունը բացատրում է, որ մորեխների շատանալը կապված է անժամանակ շոգ եղանակի ու վառող արևի հետ:

Ձմռանն էլ անկոչ հյուրերը մկներն էին, որոնց բազմանալու պատճառն այս տարվա մեղմ ձմեռն էր:

Ղարաբաղի իշխանությունները, մի կողմ դրած ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ զարգացումները, ակտիվորեն մշակեցին մորեխների դեմ պայքարի գործողություններ. ԼՂՀ Գյուղերի եւ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամը հատկացրել է 15 մլն դրամ, որը սակայն «չի փակում» բոլոր ծախսերը` դիզ վառելիք, սարքավորումներ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մի քանի օր առաջ մտահոգություն հայտնեց, որ գյուղատնտեսությունը վտանգի ենթարկող մորեխների դեմ պայքարը բավարար չէ:

Գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանի խոսքերով` մկների հոսքը ազատագրված տարածքներից էր, իսկ մորեխները հատկապես Մարտակերտի շրջանում են ու ամենից շատ վնաս են հասցնում արտերին: Իսկ Ղարաբաղում ամենամեծ արտերի տերերը տեղացի օլիգարխներն են` ի դեմս պատգամավորներ Սամվել Հակոբյանի եւ Բենիկ Բախշյանի:

Գյուղնախարարը դժվարանում է ասել, թե նոր թշնամիներից ինչքան ցանքատարածություն է տուժել: Ասում է, որ դեռեւս ճշտվում են:

Ղարաբաղի գյուղացիները հույսը դրել են բանակի վրա. զինվորները խրամատներից ու արտերից պարկերով մորեխ են հավաքում ու վառում, որոշ տարածքներում այդ գործին լծվել են նաև ուսանողներն ու կամավորները:

Այս պահին մորեխները «հարձակվել են» Մարտակերտի շրջանի Այգեստան եւ Լեոնարխ գյուղերի գյուղատնտեսական հանդերի վրա։ Մորեխի նոր տեսակ է հայտնաբերվել նաև Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի տարածքում եւ անմիջապես ոչնչացվել է օջախը:

Մորեխներին ծուղակը գցելու եւ վերացնելու համար հատուկ ջրանցքներ են փորվում: Պայքարը շարունակվելու է մինչեւ սեպտեմբեր ամիս:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply