Մասնագետը պնդում է, որ գազի գինը Հայաստանում բարձր չէ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2011 16:41

Տեխնիկապես անհնար է, որ գազին օդ խառնվի. այսօր հրավիրված ասուլիսում հանրության մեջ վերջերս տարածված մտավախություններն այսօր ցրեց ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Դա հաստատեց նաև Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ասելով, որ եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի դա ստուգելու, կարող է դիմել իրենց միություն. «Մենք կդիմենք Հայռուսգազարդ ընկերություն և չափումներ կանենք»:

Պողոսյանը միաժամանակ հաշվարկել էր, որ Հայաստանում  սնունդի վրա ծախսվում է ընտանեկան զամբյուղի 57 տոկոսը և 28 տոկոսը ծառայությունների վրա: «Սա եվրոպական չափանիշներով ծայրահեղ աղքատության  ցուցանիշ է»,- ասաց նա:

Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը հաշվարկել էր գազի գինն ու հանգել եզրակացության, որ այն  Հայաստանում թանկ չէ:

Հայաստանում գազը ներկրվում է հազար խմ-ը 187 դոլար գնով, իսկ վաճառվում է 283 դոլարով: ԱԱՀ-ն կազմում է 47.3 դոլար, կորուստները` 11 դոլար: «Իսկ մնացած 45 դոլարը համարվում է նորմալ մարժա,- ասում է Թավադյանը,- նույն  Մոլդովայում,  որը գազի տարանցման գոտի է, գազի հազար խորանարդ մետրը շուրջ 300 եվրո է»:

Տնտեսագետի կարծիքով՝  խնդիրն ուրիշ հարթությունում է: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն տարվա կտրվածքով կազմում է 283 դոլար, որը շատ ցածր է: Նույնն է վիճակը նվազագույնն սպառողական զամբյուղի համար. 45 000 դրամ, իսկ միջին թոշակը՝ 28 000 հազար դրամ:

Այսօր Հայաստանում գործում է գազի համար երկու տարբեր գին. շուրջ 60 հազար հոգի՝(խոցելի խմբի մարդիկ) մինչև 300 քմ գազի համար  132 դրամի փոխարեն վճարում են 100 դրամ:

«Պետք է մտածել, թե ինչպես ինդեքսավորել,- ասաց  Թավադյանը` հավելելով, որ սոցիալական խմբերի համար առանձին գին նշանակելը հարցի լուծում չէ:

Դիտվել է 2111 անգամ:
Print Friendly

Leave a Reply