«Տնտեսվարողի գլխին 8 հազար ստուգող պետք չի». Վարդան Այվազյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2011 16:11

Ազգային ժողովում այսօր շարունակվեց քննարկվել “Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որն արդեն հինգ ամիս է` գտնվում է ԱԺ օրակարգում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք շեշտադրումը հիմնականում տանում ենք կանխարգելիչ գործողությունների ձեռնարկման, ոչ թե հետևանքները մեղմացնելու կամ վերացնելու ուղղությամբ.

«Եթե գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունեցող սուբյեկտը, չարաշահելով իր այդ կարգավիճակը, վնաս է պատճառում հարյուր հազարավոր սպառողների`հատկապես մեր պետության մեջ, որտեղ բյուջեն չունի վերաբաշխման իր արդյունավետ ֆունկցիան, ինչքան ուզում եք տուգանեք ու պատասխանատվության ենթարկեք, դրանից սովորական սպառողը չի շահելու»:

Մինասյանը կարծիքով, տնտեսական մրցակցության ապահովման խնդիրները չեն կարող դիտվել մեկ մարմնի գործառույթների շրջանակներում, այլ այդ գործում լուրջ դերակատարում պետք է ունենան նաև Կենտրոնական բանկը, կառավարության օղակները` հարկային-մաքսային մարմիններ, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություն, հանրային ծառայությունները կարգավորող մարմիններ և այլն:

Այվազյանը սակայն հակադարձեց` ասելով.

«Եթե մենք այդ տարբերակով գնանք, ապա կունենանք անթիվ-անհամար ստուգումների շարք. տնտեսվարողի գլխին 8 հազար ստուգող պետք չի»:

Ինչ վերաբերում է մենաշնորհային դիրք ունեցող և չարաշահող տնտեսվարողներին, ապա այդ դեպքում, Այվազյանի կարծիքով, լծակները պետք է կոշտացվեն ու խստացվեն.

«Այդ չարաշահումների ընթացքում ստացած ամբողջ շահույթը մենք տանում ենք պետբյուջե,  200 միլիոն էլ տուգանում»:

Մինասյանը ներկայացրեց նաև իր մտավախությունն այն առումով, թե Հայաստանին անհրաժեշտ է հակամենաշնորհային օրենսդրությու՞ն, թե՞ տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգ.

«Թեև բազմաթիվ այս փոփոխություններով հաղորդվում է այս մարմնին հակամենաշնորհային որոշակի գործողություններ, սա դեռևս հակամենաշմորհային մարմին չէ, և հետևաբար այս հարցը մնում է բաց,-հայտարարեց նա` խորհուրդ տալով թե՛ լրագրողներին և թե՛  գործընկերներին չօգտագործել հակամոնոպոլ մարմին արտահայտությունը:

Մինասյանի կարծիքով, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօրվա կարողություններով (մասնագիտական, տեխնիկական, ֆինանսական) պատրաստ չէ տանելու այն բեռը, որը նոր օրենսդրական ձևակերպումներն առաջ են քաշում:

Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների կողմից այս մարմնի նկատմամբ ունեցած վերաբերմունքին, ապա նրա կարծիքով, որևէ օլիգարխի կամ մենաշնորհային դիրքում հայտնված սուբյեկտի չի հետաքրքրում, թե օրենքում ինչ է ձևակերպված.

«Նրանց հետաքրքրում է, թե ինչպես կարող են ճզմել որևէ պետական մարմնի կամ իրենց վարքագիծն ինչպես թելադրել»,-նշեց նա:

Մինասյանը հարցի քննարկումը համարելով պասիվ` կոչ արեց պատգամավորներին նման անտաբեր վերաբերմունքի չարժանանացնել մի նախագիծ, որը «արմտական փոփոխություններ է նախատեսում Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության դաշտում» և առաջարկեց նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև հաջորդ քառօրյա` հնարավորություն տալով շահագրգիռ պատգամավորներին առավել մանրամասն ծանոթանալ նախագծին, իսկ գլխադասային հանձնաժողովին` հանդես գալ նոր օրենսդրական փոփոխություններով:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply