Եթե լինեն հերթական ընտրություններ, ՀԱԿ-ից կմնա միայն կամուֆլյաժը. «Ժառանգություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 11, 2011 15:37

Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել` արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 11-ին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա համոզմունք հայտնեց, թե ներկայումս արտահերթ ընտրությունների անցկացումը շահեկան է ե’ւ ՀԱԿ-ի, ե’ւ իշխանությունների համար, քանի որ ներկայումս ՀԱԿ-ը դեռեւս որոշակի հասարակական աջակցություն ունի: Այն, ըստ «Ժառանգության» փոխնախագահի, ՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքից հետո, երբ հայտարարվեց իշխանություն-ՀԱԿ համագործակցության մասին, գնալով  նվազում է:

«Եթե լինեն հերթական ընտրություններ՝ ՀԱԿ-ից կմնա միայն կամուֆլյաժը»,-հայտարարեց նա:

Ռ. Հակոբյանը հավելեց նաեւ, որ արտահերթ ընտւրությունների անցկացման հարցում միջնորդել են  միջազգային կառույցները: Մասնավորապես, ըստ նրա, այդ առաջարկն իշխանություններին արել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը, ով ՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ Հայաստանում էր: Իշխանություններն էլ,  քանի որ միջազգային ճնշման տակ են, համաձայնել են առաջարկին եւ սկսել երկխոսություն ՀԱԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է իշխանությանը, մասնավորապես ՀՀԿ-ին,  ապա, ըստ Հակոբյանի, այդ կուսակցությանը եւս արտահերթ ընտրությունները ձեռնտու են, քանի որ կոալիցիոն հուշագրի ստորագրումով ՀՀԿ-ն ապահովել է իր դոմինանտությունը ապագա խորհրդարանում:

Նշենք, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրել են գործող խորհրդարանի երեք ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Հուշագրում մասնավորապես ասվում է. «Կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: …Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»:

Դիտվել է 1536 անգամ:
Print Friendly

Leave a Reply