Միակ ուղեգիրը` վանաձորցի հանդբոլիստուհիներին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 11, 2011 15:16
Վանաձորում անցկացված մինչև 17 տարեկան հանբոլիստուհիների Հայաստանի առաջնության նախնական փուլի մրցաշարում պայքարը շարունակելու իրավունք տվող միակ ուղեգրին տիրացավ Վանաձոր հավաքականը: Մրցավայր էր դարձել Վանձորի մարզապալատի հարմարավետ դահլիճը, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Լոռու մարզում հանդբոլը մասսայականություն է վայելում: Ստուգատեսը հետաքրքրություն էր առաջացրել և խաղերի ընթացքին հետևելու համար մեծ թվով մարզարզասերներ էին ներկա գտնվում: Կազմակերպիչները հնարավորն արել էին, որ այն անցկացվի բարձր մակարդակով: Շուքով էին կազմակերպվել նաև մրցումների բացման և փակման հանդիսավոր արարողությունները: Իսկ պայքարի ոլորտ էին ներգրավել 5 թիմեր: Իրենց պատրաստականությամբ հատկապես առանձնանում էին Վանաձորի և Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի երկրորդ հավաքականները: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանն անսպասելի չհամարեց այն, որ տանտիրուհիներն ուժեղ թիմով էին մրցասպարեզ դուրս եկել և իրենց օգտին գրանցեցին բոլոր հանդիպումները: Իսկ ահա, ՀՄԴ-ի ներկայացուցիչների լավ խաղը նա հաճելի նորություն համարեց: «Մարզիչ Անահիտ Հարությունյանին հաջողվել է մարտունակ կոլեկտիվ ստեղծել և մասնագետների միահամուռ կարծիքն այն է, որ, հետևողական աշխատանքի դեպքում, հնարավոր է լավ արդյունքի հասնել»,- ասաց Մելքոնյանը: Ի վերջո, թիմերը բաշխվեցւն այսպիսի հերթականությամբ.Վանաձոր (8 միավոր), ՀՄԴ-2 (6), Ստեփանավան (4), Գեղարքունիք (2), Նոր Նորք (0): Այսպիսով, Վանաձորի հավաքականը հոկտեմբերին կմասնակցի Երևանում կայանալիք հաջորդ փուլի մրցաշարին: Ուժերը կչափեն նաև 2010-ի Հայաստանի առաջնությունում առաջին երեք տեղերը գրաված Շենգավիթի, Երևանի հանդբոլի մասգիտացված դպրոցի առաջին և ԼՂՀ հավաքականները:






Facebook
Tweet This
Email This Post
