ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար ներկայացվել է «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 11, 2011 10:56

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի 2011 թվականի համալրման գործընթացը, որն իրականացվում է տարբեր երկրների կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ին ազգային ոչ նյութական արժեքների հայտեր ներկայացնելու ճանապարհով: Համալրման նպատակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը մշակել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի հետ համատեղ ներկայացրել է հայ ժողովրդական բանահյուսության գոհարներից մեկը`«Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի հայտը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Երանուհի Մարգարյանը, հայտն իր կից փաստավավերագիր նյութերով ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան հանձնաժողով: «Հայտերի համար վերջնաժամկետ էր սահմանված մարտի 31-ը:

2009 թվականին Մշակույթի նախարարության կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում տեղ գտնելու համար ներկայացվել էր «Խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը»: Գործընթացը բավականին երկար տեւեց, սակայն հայկական կողմը դրա հիման վրա փորձ ձեռք բերեց, որը թույլ տվեց արդեն չկրկնել նախկին սխալները»,- հավաստիացրեց Ե. Մարգարյանը` հավելելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցելու գործընթացը բավականին ժամանակատար է ու պահանջում է մինչեւ 5 փորձագիտական քննություն:

Նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ` «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի համար առաջին փորձագիտական քննությունը տեղի կունենա ամենայն հավանականությամբ երկու-երեք ամիս հետո: «Փորձագիտական քննություններին մասնակցում են միջկառավարական կոմիտեի մասնագետ-փորձագետները: Քննման ընթացքում, եթե առաջանում են հարցադրումներ, կոմիտեի անդամները կարող են դիմել ոչ նյութական մշակութային արժեքի գրանցման հայտ ներկայացնողին, տվյալ դեպքում` ՀՀ մշակույթի նախարարությանը»,- ասաց Երանուհի Մարգարյանը:

Դիտվել է 1980 անգամ:
Print Friendly

Leave a Reply