Տավուշում սողանքի հետևանքով հերթական ճանապարհն է փակվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 14, 2009 15:56
arm-1159-2

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի սողանքից փլված հատվածը

Երեկ երեկոյան Տավուշի մարզում  Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրում 9 մ. լայնությամբ, 30 մ. երկարությամբ ու 50 մ. խորությամբ սողանք է սկսվել:

Դեպքի վայր են մեկնել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ սողանքը շարունակվում է: Սողանքային գոտում գտնվում է Բաղանիս գյուղի մեկ բնակելի տուն, իսկ ավտոճանապարհի ստորին հատվածով հոսում է Բաղանիս գետը, որի հունը կփակվի, եթե սողանքը լցվի գետը:

Փրկարար ծառայության տվյալներով`տան բնակիչները տարահանվել են, ավտոճանապարհը երկկողմանի փակվել է Նոյեմբերյանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուզան Բագրատունյանը «Անկախ»-ին ասաց, որ նախարարությունում արդեն տեղյակ են դեպքին, ու մասնագետները մեկնել են սողանքի վայր:

Նոյեմբերյանից նախարարությանը տեղեկացրել են, որ սողանքը դեռ շարունակվում է, և  չեն կարող տեխնիկա շահագործել, քանի որ հնարարավոր է`հողը փլվի և աշխատողները վնասվեն: «Սողանքի դադարելուն պես կսկեն համապատասխան միջոցառումներ ձեռնարկել»,-ասաց Բագրատունյանը:
Սա Տավուշում սողանքի միակ դեպքը չէ.շուրջ մեկ տարի է` Տավուշի մարզի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի 11-րդ կմ-ոց հատվածում սողանքից փլուզվել է դեպի Բերդ համայնք և Շամշադինի շրջանի 15 գյուղեր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը: Սելավների հետևանքով ամեն պահի փլվածքն ավելի է խորանում ու ընդարձակվում:

arm-1160-1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը տեղում ծանոթացել է ստեղծված իրավիճակին

Այժմ Բերդ մեկնող ու այնտեղից վերադարձող ավտոմեքենաներն անցնում են 3-5 կմ-ոց շրջանցիկ, անտառամիջյան ճանապարհով կամ ձորի միջով:

Անձրևների ժամանակ այն գրեթե անանցանելի է լինում, իսկ ոչ տեղացի վարոդները, ովքեր տեղանքին մի քիչ անծանոթ են, հրաժարվում են անցնել այդ ճանապարհով, որտեղ ամեն պահի կարող է մեքենան թաղվել և դուրս չգալ:
Սողանքային գրեթե անանցանելի դարձած ճանապարհի փոխարեն վարորդները շրջվում են ու հետ գնում դեպի Իջևան` օգտվելու Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհից (ժողովուրդն ասում է` սարի ճամփա):

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հունիսի 12-ին այցելել էր Տավուշ և տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին: Նախարարը նշել էր, որ այս ճանապարհային հատվածը վերջին տարիներին Տավուշի մարզպետարանի և նախարարության ուշադրության կենտրոնում է եղել: Դեռ նախորդ տարի մասնագետների  ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ սողանքը հնարավորություն չի տա այդ վայրում երկարաժամկետ ճանապարհ ունենալ, ցանկացած լուծում ժամանակավոր կլինի:

Սարգսյանը տեղեկացրել էր, որ  որոշվել է ժամանակավոր ճանապարհ կառուցել` այդ ընթացքում նոր շրջանցիկ ճանապարհ կառուցելու համար ունենալով 4-5 տարի ժամանակ:

Շրջանցիկ ճանապարհ կառուցելու համար այժմ քննարկվում է 2 տարբերակ. մի դեպքում ճանապարհը նախատեսվում է կառուցել սողանքից վերև գտնվող, մյուս դեպքում` ճանապարհի դիմացի լանջով անցնող հատվածում:

Մասնագետներին հանձնարարվել է իրականացնել նախագծա-նախահաշվային աշխատանքներ: Նախարարը նշել էր, որ մինչ ճանապարհի նոր տարբերակի կառուցումը նպատակահարմար է փլված տեղում վերականգնել գոյություն ունեցող ճանապարհի հողային պաստառը և ժամանակավոր ապահովել երթևեկությունը:

Տրանսպորտի և կապի նախարարությունից ասացին, որ այս պահին քննարկվում է նոր նախագիծ, ըստ որ` ճանապարհին հարող տարածքում մասնավոր այգիների տերերին փոխհատուցում կտրվի. թե որքան կտան, դեռ պարզ չէ:

Դիտվել է 1775 անգամ:
Print Friendly

Leave a Reply