Արզաքանցյանից “քաշվածները”

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 11, 2011 1:09

Սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները, որոնք գյուղացու համար իսկական պայքար է հողի հետ` մի կտոր հաց վաստակելու համար: Վաստակածն էլ, հաճախ, «հարամ» է լինում, ոչ ավել ոչ պակաս` պատգամավորի ձեռքով:
Մինչ հանրապետության նախագահը կոչ է անում կառավարությանը գյուղացիների հետ անմիջական շփում հաստատել եւ նրանց հոգսերը թեթեւացնել, գյուղացիները չեն կարողանում լուծել անգամ հացի խնդիրը լուծել: Շատ գյուղացիներ չունեն հողը մշակելու գումար, Արարատի մարզում պատճառը «Գրեյթ Վելլի» ընկերության ապօրինություններն են:
Ազգային ժողովի գործարար պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող այս ընկերությունը միլիոնավոր դրամների պարտքեր է կուտակել: Արարատի մարզի բազմաթիվ գյուղացիների հետ կնքվել է 6-ամսյա պայմանագրեր, լրացել է գումարի վճարման վերջնաժամկետը, բայց…

Լուսառատ գյուղի բնակիչ Արամայիս Քեշիշյանը իրեն հասանելիք 384 հազար դրամը դեռ չի ստացել: «Պայմանագրով նախատեսված էր, որ 6 ամսվա ընթացքում պետք է տան գումարը: Լրացել է 6 ամիսը, բայց չկա: Ասում են` սպասեք»,- իր դժգոհությունն էր մեզ փոխանցում 4 անչափահաս երեխաների հայրը, ում ֆինանսական ռեսուրսները չեն բավարարում հողն ամբողջությամբ մշակելու համար: Ընդ որում` Արամայիսը երկրորդ անգամ է արդեն պայմանագիր կնքում նշված ընկերության հետ, մինչդեռ տարիներ առաջ եւս իրեն «քաշել» են:

Նույն գյուղի բնակիչուհի Կարինե Ջալաթյանը «Գրեյթ Վելլի» ընկերությանը հանձնել է 259 հազար դրամի խաղող, այժմ պայմանագիրը ձեռքն է պահել ու մտածում է, թե ո՞ւր դիմի, քանի որ ընկերությանը դիմելով` արդյունքի չի հասել. «Ավելորդ եմ համարում եւս մեկ անգամ գնալ գործարան ու հետ գալ: Քանի՞ անգամ գնամ, ինչքա՞ն փող ծախսեմ, որ էդ 250.000-ը ստանամ: Ես հոգնել եմ գնալուց»: Եթե գումարը տան էլ, միեւնույն է` ոչ թե առօրյա պահանջները բավարարելու, այլ հենց խաղողի այգու վրա է ծախսելու, որպեսզի գնի թունաքիմիկատ, պարարտանյութ, հողամասը ոռոգի, աճեցնի խաղող ու կրկին հանձնի… Տիգրան Արզաքանցյանին:

«Գրեյթ Վելլին» Լուսառատում ամենամեծ գումարը պարտք է Ժորա Ավետիսյանին` 880.000 դրամ, որդուն` Գարիկ Ավետիսյանին` 450.000: Ժորայի փոքրահասակ թոռնիկները ձմեռն անցկացրել են կիսաքաղցած ու մրսած:
Լուսառատցիների մի մասն էլ պարզապես խնդրեցին մտքերը չգրել` կասկածելով, որ իրենց անունը թերթում գրվելուց հետո երբեւէ կստանան հասանելիք գումարը:

Քաղցրաշեն գյուղում եւս այս ընկերությունը մեծ պարտքեր է կուտակել: Տրվել է միայն Վրեժ Ֆախուրյանի 485.000 դրամը, այն էլ բազմաթիվ անգամներ գնալ-գալուց հետո: «600 անգամ եմ դիմել, եղած գումարը տվինք ավտոբուսի, գնացինք-եկանք, մեքենա բռնինք… էսօր կլինի-վաղը կլինի»: Ու թեեւ օրերս ստացել է 3.5 տոննա խաղողի վճարը, բնականաբար, պայմանագրով նախատեսված ժամկետի խախտումով, դրանով էլ պարտքերն է տվել: Ու պըրծ…

Քաղցրաշենցի Գագիկ Հարությունյանն էլ պատմում է, որ 12 շնչից բաղկացած ընտանիք պահող իր հարեւանից 2009 թվականին մթերած խաղողի գումարը տվել են միայն անցյալ տարեվերջին:

Մեր այցելած գյուղերից ամենաշատ «թշնամիներ» Արզաքանցյանի ընկերությունը «վաստակել» էր Նորաբացում:
«Հոկտեմբերի 2-ին հանձնել եմ, 6 անգամ գնացել-եկել եմ, «էսօր գնա` վաղն արի, 2 օր հետո արի»: Ինչքա՞ն կարելի ա նստել-սպասել, որ էդ մարդկանց քեֆը թամամ լինի` մեր փողերը տան: Հիմա էլ իրենց օֆիսը տեղափոխվել է Օշական, հիմա՞ ինչ անեմ: 220 հազար դրամ փող ա, քիչ փող չի, ես պիտի վարկ մուծեմ, լույսի փող մուծեմ, գազի փող մուծեմ… Որտեղի՞ց մուծեմ: Բա ի՞նչ անեմ, ո՞ւր դիմեմ: 70 տարեկան կին եմ, միակ հույսս հողն է: Պիտի գնամ-նստեմ նախագահի դռան դեմը, նստացույց անեմ: Բա ուրիշ ի՞նչ անեմ»,- դժգոհում էր 70-ամյա տիկին Մարիամը:
78-ամյա Ցոլակ Գրիգորյանն էլ ափսոսում է, որ այդ տարիքում իր սեփական ձեռքերով մեծ դժվարություններով հողը մշակել է, որ տարվա ապրուստը ուտի՝ չգիտես, թե ով: «Որ աշխատում ենք, հույսով չենք աշխատում, սրտներս տաք չէ: 5 անգամ ճանապարհին նստում եմ, մինչեւ 3 կիլոմետր էթալով` հասնում եմ այգիս: Ջրում-մշակում եմ, ամեն ինչ անում եմ, բայց մինչեւ հիմա փողը չկա»,- նշում է Ցոլակ պապին ու պահանջում նաեւ գումարի տոկոսները:
«Հլա թո քո քրտինքը տան, նոր տոկոսներն ուզի: Էդ հաստավիզներից իսկի քո հասանելիքը չես ստացել, ի՞նչ տոկոս»,- ծիծաղում են ծերունու վրա համագյուղացիները:
«Մարտ ամսից տանջվել են երկու տղաներս, 4 տոննա խաղող են տվել, մինչեւ հիմա փողը չկա: Ի՞նչ անեմ, չգիտեմ: Բալա ջան, օր ա լինում` սոված ենք քնում: Էդքանից հետո ի՞նչ ասեմ»,- ասաց 74-ամյա Գոհարը: Նրա զավակները, որ անցած տարի մտածում էին հողը մեծացնելու եւ բերքը շատացնելու, գործարարությամբ զբաղվելու մասին, հենց առաջին քայլում հանդիպելով նշված ապօրինությանը, արդեն կապել են ճամպրուկները:
«Գիշեր-ցերեկ աշխատել եմ, տանջվում եմ, ձեռքերս մազոլ եղան, 45 տարի ինստիտուտ եմ աշխատել, առաջին կարգի մասնագետ եմ, էսօր հող եմ մշակում, եղածն էլ տանում են ու ասում` մնաս բարով»,- դժգոհում է մեկ այլ գյուղացի, ով արդեն կրճատել է խաղողի այգիները:
Ոչ միայն նա, մեր այցելած բոլոր գյուղերում էլ մարդիկ հիասթափվել են ծանր ու, իրենց խոսքերով ասած` անշնորհակալ աշխատանքից, հոգնել են իրենց կողմից ընտրված պատգամավորների կողմից խաբվելուց եւ այլեւս չեն մշակում հողը: Պատճառը հուսահատությունն է, խաբվելը, մի կերպ մթերելն ու գումարը չստանալը: Ու զուր չէ, որ գյուղացիները այսօր չեն հավատում անգամ երկրի ղեկավարի խոսքերին: «Բա ո՞ւր ա էդ նախագահը, չի տեսնո՞ւմ, թե մեզ ոնց են քցում»,- ասում է պատկառելի հասակով գյուղացի Սարգիսը:
Նորաբացցի Գագիկ Թաթոսյանը, որին «Գրեյթ Վելլին» պարտք է 189 հազար դրամ, մեծ վարկերի տակ կքում է: Առհասարակ, մեր այցելած բոլոր գյուղերում էլ մարդիկ ունեին վարկային պարտավորություններ, որոնք չեն կարողանում վճարել ու կանգնած են գլխահակ: «Լավ, բա ես որտեղի՞ց գումարը տամ, էդ էլ բանկ ա, մարդ չի, որ ասեմ վաղը կտամ, չտվիր` վերջդ եկել ա»,- իր արդար բողոքն էր հայտնում 45-ամյա Վասիլը:
Գյուղացիները բազմաթիվ փորձեր են արել «Գրեյթ Վելլի» ընկերությանը կապվելու եւ իրենց գումարը ստանալու համար, բայց` իզուր:
«Գնում եմ Մասիս` տրանսպորտով, հետո նստում Էջմիածնի ավտոբուս, հետո գնում եմ Ոսկեհատ, դրանից հետո ոտքով շարունակում ճանապարհս, մինչեւ` գործարան: Անպատվություն էլ ստանում-գալիս եմ: Էս հասակի կին, գնամ հասնեմ էնտեղ, որ ինձ ասեն «խուժանը էլի եկա՞վ»: Դա խիղճ ա՞, մարդկություն ա՞»,- դժգոհում էր 70-ամյա Մարիամը:
Իսկ Վարդանն էլ, որ 900.000 դրամի չափով ջղայնացած է պատգամավոր Արզաքանցյանի վրա, փաստում է, որ «Գրեյթ Վելլի» ընկերության հետ կնքած պայմանագրում մթերող ընկերության հասցեն անգամ սխալ է. «Ոսկեհատում մարդ չկա, մի հատ պահակ կա, ոչ մի հարցի չի պատասխանում: Երեւանի հասցեն տվել են, տենց բան չկա: Ես անձամբ մի ամբողջ օր ման եմ եկել ու չեմ գտել տենց բան: Հիմա էլ ասում են, թե` գնացեք Օշական»: Մենք էլ զանգահարեցինք «Գրեյթ Վելլի» ընկերություն, բայց տեղեկատուում նշված երեք հեռախոսահամարով էլ ինքնապատասխանիչը հուշում էր, որ մեր հավաքած համարը կապուղուն միացած չէ:
Նշենք, որ գյուղացիները չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել: Նրանք միաբերան էին «Գրեյթ Վելլի» ընկերությանը դատարան դիմելու հարցում: «Կդիմեմ դատարան, ուրիշ բան չկա անելու»,- մեզ հետ զրույցում նշեց Լուսառատ գյուղի բնակիչ Արամայիս Քեշիշյանը: Նորաբացի բնակիչ Գագիկ Թաթոսյանը եւս կարծում է, որ. «Էթանք դատի տանք, չենք շահի, որովհետեւ էս երկրում հնարավոր չէ, երեւի»:
Եվ այսպես, աջ ու ձախ թերթերին դատի տվող պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն այսօր ինքն է կանգնած դատի տակ ընկնելու վտանգի առջեւ: Միայն մի տարբերությամբ, եթե ինքը դատի է տալիս իր «անբասիր վարկի» վրա «քար գցելու» պատճառաբանությամբ, նրան դատի են տալիս ճիշտ հակառակ վարքագծի համար:
Սուրեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
http://yerkir.am

Դիտվել է 1031 անգամ:
Print Friendly

Leave a Reply