Գալուստ Սահակյանը` ԱԺ նախագահ դառնալու մասին. Աստված ձե’նդ լսի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 9, 2011 17:42

Հանրապետական կուսակցությունում խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրելու հարց չի քննարկվում: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը` Սահակյանը`անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց նա առաջիկայում պետք է փոխարինի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

«Ինձ ուզում են տան ԱԺ նախագա՞հ: Աստված ձենդ լսի, բայց` հումորով եմ ասում»,-հայտարարեց Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ իրեն լավ է զգում զբաղեցրած պաշտոնում եւ ԱԺ նախագահ դառնալու մտադրություն չունի: «Շատ թիմակիցներ կան, որոնք ինձ տեսնում են Աժ նախագահի պաշտոնում: Բայց դա չի նշանակում, որ ես ամեն օր նստած մտածում եմ, թե ես որտեղ պետք է լինեմ: Ես իմ դերակատարումից գոհ եմ»,-նկատեց Սահակյանը: Նա նաեւ նշեց, որ եթե անգամ իրեն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու  խնդիր առաջանա, ապա իր համաձայնությունը շատ կարեւոր դերակատարում կունենա: «Բայց նման խնդիրները լուծում են կուսակցության գլխավոր մարմիներում ծավալվող քննարկումների միջոցով: Նախ նման դեպքերում հավասարակշռված մոտեցումներ են անհրաժեշտ»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նա նաեւ ընդգծել է, թե առայժմ չի պատկերացնում` իր ուժերն ու ունակությունները կբավարարե՞ն ԱԺ նախագահի պաշտոնում որոշակի պարտականություններ կատարելիս:

Գալուստ Սահակյանը գնահատել է նաեւ ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ երեք տարվա աշխատանքը` այն համարելով դրական: ԱԺ նախագահի գլխավոր դերակատարումը, ըստ նրա, ԱԺ-ի բնականոն գործունեությունն ապահովելն է: Սահակյանի խոսքով` Հովիկ Աբրահամյանը կարողանում է լեզու գտնել բոլոր քաղաքական ուժերի հետ, եւ «երբեմն անկողմնակալ վերաբերմունքով է հանդես գալիս»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, քաղաքական կուլիսներում խոսում են առաջիկայում սպասվող նոր, ավելի լայնամասշտաբ փոփոխությունների մասին:

Մասնավորապես  քննարկվում է այն սցենարը, որ առաջիկա մայիսին պաշտոնանկ է արվելու վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի պաշտոնում նշանակվելու է ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply