Հայաստանի հավաքականը հաղթել է Վրաստանին ու Ադրբեջանին. ադրբեջանական թիմերից մեկի անունը «Զանգեզուր» է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 14, 2009 14:35

Հարավային Կովկասի տասնմեկերորդ առաջնության «Էրուդիտ-սեկստետ» մրցաշարում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) Հայաստանի հավաքականը հաղթող է ճանաչվել: Իսկ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում երևանյան «Պերեզագրուզկա»-ն երկրորդ տեղն է կիսել Ադրբեջանի «Զանգեզուր» թիմի հետ:

Պատվիրակության ղեկավար Տիգրան Քոչարյանն ասաց, որ «Հայեր-Քաշաթաղ» թիմի անվանման կապակցությամբ ադրբեջանցիները երկու անգամ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով փոխել անունը. հայկական պատվիրակությունը մերժել էր: Արդյունքում` ադրբեջանցիներն իրենց թիմերից մեկը վերանվանել են «Զանգեզուր»:

«Նրանք այդպիսով հայտնվեցին ծիծաղելի վիճակում, երբ իրենց հարցնում էին որտեղ է Զանգեզուրը, նրանք ստիպված տալիս էին Հայաստանի անունը»,-«Անկախ»-ին ասաց Քոչարյանը:

Առաջնությունն անցկացվել է Վրաստանի Քոբուլեթի քաղաքում հուլիսի 24-26-ը, որին մասնակցում էին 47 թիմ:

Վրաստանը ներկայացել է 28 թիմով, Ադրբեջանը՝ 14: Հայկական թիմերը 5-ն էին՝ «Հայեր-Քաշաթաղ», «Վարանդա», «Սենատորներ», «Հայաստան» և «Պերեզագրուզկա»:

Առաջնությունը կազմակերպվել է չորս հիմնական մրցաշարերով՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-ռինգ», «Սեփական խաղ» և «Էրուդիտ-սեկստետ»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի նախատեսվում է կազմակերպել ինտելեկտուալ խաղերի փառատոն նախարարությունների և գերատեսչությունների միջև:

«Կկակզմակերպվի նաև Հայաստանի գավաթի բաց խաղարկություն, որին կմասնակցեն Վրաստանի ներկայացուցիչները»,- ասաց Աշոտյանը:

ՀՀ կառավարությունը պետական աջակցություն է ցուցաբերում ինտելեկտուալ խաղերի Հայաստանի ուժեղագույն թիմերին: Ինտելեկտուալ խաղերի Հայաստանի հաջորդ առաջնությունը կանցկացվի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Դիտվել է 1774 անգամ:
Print Friendly

Leave a Reply