Վարչապետն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | April 9, 2011 16:06
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել անվանի արվեստագետ Երվանդ Քոչարի փարիզյան շրջանի տարածական գեղանկարչության բացառիկ ստեղծագործություններից մեկի ցուցադրությանը:
Եզակի այս ցուցադրությունը, որը կայանալու է ապրիլի 5-ից մայիսի 5-ը, կազմակերպել են երևանյան «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը փարիզյան «Մինոտավր» պատկերասրահի հետ համատեղ:
Կառավարության ղեկավարին է ներկայացվել Քոչարի յուրօրինակ քանդակա-գեղանկարի ստեղծման պատմությունը և բովանդակությունը: Նշվել է, որ 1927թ. ստեղծված տարածական այս աշխատանքում գեղանկարչության և քանդակի յուրատեսակ համադրության ներքո պատկերված են Ադամը և Եվան` ներկայացնելով ծավալայնության, պլաստիկ մոդելավորման, գունախաղի և լույսի ներդաշնակ միասնություն:
Վարչապետ Սարգսյանը ծանոթացել է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված ֆրանսահայ տաղանդավոր նկարիչ Ժանսեմի` Հովհաննես Սեմերջյանի «Նատյուրմորտ» կտավին: Մինչև մայիսի 5-ը Ժանսեմի ստեղծագործությունը նույնպես հասանելի կլինի անվանի նկարչի արվեստի սիրահարների համար:
Տիգրան Սարգսյանը շրջել է նաև Հայաստանի պատմության թանգարանի սրահներով, ծանոթացել «Մշակույթ, արվեստ, հավատալիքներ հին քարի դարից մինչև բրոնզե դար» ցուցադրության շրջանակում ներկայացված ցուցանմուշներին:






Facebook
Tweet This
Email This Post
