Հայաստանում ԶԼՄ-ն՝ հատկապես հեռուստատեսությունը, չի ապահովել կարծիքների բազմազանությունն ու օբյեկտիվ լրատվությունը. «Մարդու իրավունքներ – 2010» զեկույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 9, 2011 12:38

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հրապարակել է 2010 թվականի մարդու իրավունքների զեկույցը, որում վերլուծվում է աշխարհի 190 երկրներում մարդու իրավունքների վիճակը անցած տարվա ընթացքում:

Հայաստանի մասով զեկույցը բաղկացած է 63 էջից, որտեղ մանրամասն նկարագրվում են մարդու իրավունքների վիճակը անցած տարում:

Արձանագրվում է, որ Հայաստանում սահմանափակված է քաղաքացիների՝ խաղաղ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու իրավունքը: Անցյալ տարի Հայաստանի զինված ուժերում ռազմական գործողությունների բացակայության պայմաններում գրանցվել են մահվան դեպքեր:

Զեկույցը փաստում է, որ 2010թ. իշխանություններն ազատ են արձակել 2008թ. մարտի 1-ի գործով ազատազրկված չորս անձանց: Մարտի 1-ի գործով երկու հոգի էլ ազատ է արձակվել ամբողջ պատիժը կրելուց հետո:

Լրատվամիջոցները, հատկապես՝ հեռուստատեսությունը, նախկինի պես չեն ապահովել կարծիքների բազմազանությունն ու օբյեկտիվ լրատվությունը: Հետապնդումներ են եղել լրատվամիջոցների նկատմամբ, շարունակվել է գրաքննությունը:

Իշխանությունները շարունակել են մերժել ընդդիմադիր կուսակցությունների և այլ խմբերի՝ որոշակի վայրերում հավաքներ անցկացնելու պահանջները, երբեմն առաջարկելով այլ վայրեր, երբեմն՝ խոչընդոտելով մարդկանց մասնակցությունը հանրահավաքներին:

Իշխանություններն ու օրենքները սահմանափակել են կրոնական ազատությունը: Կոռուպցիան դեռևս խնդիր է, և իշխանությունները սահմանափակ ջանքեր են գործադրում դրա դեմ պայքարելու գործում:

Զեկույցն արձանագրում է նաև, որ իշխանությունները որևէ քաղաքական սպանություն չեն իրականացրել: Փաստաթղթում նշվում է Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից Վահան Խալաֆյանի սպանության գործը, որը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նախապես որակել էր «ինքնասպանություն», հետագայում՝ ներողություն խնդրել դրա համար, այն բանից հետո, երբ Հատուկ քննչական ծառայությունը պարզել էր, որ տեղի ունեցածն ինքնասպանություն չէ:

Զեկույցը մանրամասն անդրադառնում է նաև բանակում տեղի ունեցած սպանություններին ու մահացու ելքերով միջադեպերին:

Զեկույցում տեղ են գտել Թուրքիային ուղղված բազմաթիվ քննադատություններ:  Մեկ առ մեկ զետեղված են քննադատության ենթական խախտումների օրինակները: Թուրքական «Hurriyet» պարբերականի իրազեկմամբ` նշված քննադատությունները գլխավորապես վերաբերել են հետևյալներին

• Բանտային պայմանները բարելավված չեն:
• Կառավարության որոշ անդամների հրապարակային հայտարարություններն ազդում են դատաիրավական գործընթացի անկախության վրա:
• Կառավարությունը, հղում տալով սահմանադրության և այլ օրենսդրական ակտերին, սահմանափակում է մարդկանց արտահայտվելու ազատությունը:
• Հետընթաց է ապրել մամուլի ազատությունը: «Էրգենեքոն»-ի դատավարությանը հետևող լրագրողների դեմ ներկայավել է ավելի քան 5000 դատական հայց: Էրդողանի` լրագրողների ուղղված որոշ քննադատություններ դիտվում են որպես լրատվության գրաքննություն մտցնելու նախաձեռնություն: Հայկական կամ քրդական հարցերով գրավոր կամ բանավոր տեսակետ հնչեցնողների թիվը եթե նախորդ տարիների համեմատ նվազի էլ, ապա դա պայմանավորված է հետաքննություն սկսելու հնարավոր ռիսկայնության հետ:
• Կանանց նկատմամբ գործադրվող բռնությունները շարունակում են մնալ որպես մեծ խնդիր:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply