Նախագահ Սարգսյանն այցելել է երիտասարդ համալսարանականների նորակառույց համալիր

Պաշտոնական, Օրվա լուր | | April 9, 2011 12:10

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի Ծարավ Աղյուրի 55/5 հասցեում երիտասարդ համալսարականների համար նախատեսված նորակառույց բնակարանային համալիր, շրջայց կատարել բնակարաններում։

Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը,  երիտասարդ համալսարանականների ընտանիքներին մատչելի բնակարաններով ապահովելու պետական ծրագիրը, որը մեկնարկել է դեռեւս 2008 թվականին, հնարավորություն կտա  նորակառույց բնակարաններով ապահովել 315 երիտասարդ ընտանիքների։ «Ծրագրի սկզբում շատերն  այն անիրականանալի էին համարում եւ թերահավատորեն էին վերաբերում դրան։ Սակայն հավատը հաղթանակեց, և երիտասարդ շատ ընտանիքներ նոր բնակարաններ ունեցան։ Ծրագիրը շարունակական է, և 2013 թվականի փետրվարին նմանօրինակ սոցիալական նշանակության բնակարաններ կստանան 1050 ընտանիքներ։ Այսպիսի բնակարանները շուկայականից էժան են շուրջ 2,5 անգամ«-ասել է նա։

Ըստ Քարամյանի, նորակառույց համալիրի բնակարանների  1 ք/մ-ն արժե 170 հազար դրամ։

Փոխնախարարը նաև նշել է, որ երիտասարդ համալսարանականներին բնակարաններով ապահովելու գործընթացը կիրառվելու է նաև Կապանում, Իջևանում եւ Դիլիջանում։

Հանդիսավոր արարողության  ավարտին Քարամյանը երեքսենյականոց բնակարանի վկայական և բանալիներ է հանձնել ԵՊՀ նախկին ուսանող, զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի եղբորը՝ Վահե Հովհաննիսյանին։

«Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների միավորման նախաձեռնությամբ եւ միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ:

Ծրագրի շահառու են համարվում մինչեւ 35 տարեկան (առանձնահատուկ դեպքերի համար հնարավոր են որոշակի շեղումներ ), ԵՊՀ-ում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ գիտական աստիճան ունեցող, ամուսնացած և բնակարանի կարիք ունեցող անձինք: Պայմանագիրը ստորագրելուց հետո շահառուի հիմնական աշխատավայրը 7 տարի անընդմեջ պետք է լինի Երեւանի պետական համալսարանը: Այն խախտելու դեպքում նոր բնակարանատերը ԵՊՀ շրջանավարտների միավորմանը պետք է կնքված պայմանագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով լրավճար կատարի:

Դիտվել է 2184 անգամ:
Print Friendly

Leave a Reply