Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2011 23:27

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը` խորհուրդն ի գիտություն է ընդունել ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշվետվությունը: Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը զեկուցել է էլեկտրոնային հաղորդակցության մալուխների, գծալարերի և կապի ենթակառուցվածքների մաս կազմող այլ սարքավորումների հափշտակությունների և կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական և համայնքային հողերի, շենքերի և շինությունների օգտագործման հետ կապված խնդիրների լուծման, ինչպես նաև ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման մասին:
Նիստում ի գիտություն է ընդունվել նաև օրենսդրական նախաձեռնությունների ընդունման գործընթացի թափանցիկության ապահովման խնդիրների մասին զեկույցը:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադարձել է մաքսային ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման կարգի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին և էլեկտրոնային առևտրի զարգացումը խթանող անհրաժեշտ նախադրյալների ստեղծման հարցին: Քննարկվել են նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում 22.12.2010թ. ՀՕ-208-Ն օրենքով կատարված լրացման հետևանքները: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է նշված հարցերի առնչությամբ քննարկումներ անցկացնել շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ և խորհրդի հաջորդ նիստում ներկայացնել դրանց արդյունքները:
Մեկ այլ հարցով անդրադարձ է եղել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված շինարարության բնագավառում նոր կարգերի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին: Այդ համատեքստում նշվել է, որ ՀՀ կառավարության ապրիլի 7-ի նիստում հաստատվել է քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության գործունեության կարգը, արտոնագրի ձևը` դրանով իսկ կատարելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 2010թ. դեկտեմբերի 8-ի փոփոխությունների և լրացումների պահանջը։
Օրակարգի այլ հարցերի շարքում արծարծվել են «Արմթեք-2011» համաժողովի կազմակերպչական մանրամասներ, ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ոլորտում իրականացված փորձնական ծրագրի արդյունքները ևս:

Դիտվել է 1622 անգամ:
Print Friendly

Leave a Reply