Հայ-ռուսական կրթական համագործակցություն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2011 16:55
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մաքսիմ Դուլինովին: Ողջունելով հյուրին նախարարը՝ նշել է. «Կրթության ոլորտի բարեփոխումները Հայաստանում և Ռուսաստանի Դաշնությունում ընթանում են նույն ուղղությամբ և ողջունելի է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի զարգացմանը՝ 21-րդ դարի բարձրագույն կրթությանը ներկայացվող պահանջներին համապատասխան»:
Նախարարը հավելել է, որ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանը, համադրելով մեր երկու ժողովուրդների մշակութային ու կրթական ավադույթները, հանդիսանում է Սլավոնական լավագույն համալսարաններից մեկը հետխորհրդային կրթական տարածքում: Հայ-ռուսական կրթական համագործակցության բարձր աստիճանը, ըստ նախարարի, դրսևորվում է նաև միջպետական համաձայնագրով նախատեսված կրթաթոշակներով: Նախարարը հույս է հայտնել, որ շուտով կսկսի գործել հայ-ռուսական համատեղ հանձնաժողովը, որը ուսումնասիրություններ և մշտադիտարկում կկատարի Հայաստանում գործող ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերում՝ կրթության որակի ապահովման հետ կապված:
Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մաքսիմ Դուլինովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանը լավագույններից է հետխորհրդային կրթական տարածքում և պետք է ձեռնարկել բոլոր միջոցներն այդ կարգավիճակի պահպանման համար: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ համալսարանն ունի գիտակրթական լուրջ ներուժ, որը կարող է օգտագործվել նաև երկու երկրների գիտական առաջնահերթություններից բխող ծրագրերի իրականացման համար:
Քննարկվել են նաև հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտներում իրականացվող գործընթացները:
Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջը՝ ՌԴ կրթության և գիտության նախարար Ա. Ֆուրսենկոյին հրավիրել է Հայաստան:
Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply