Նախագահն այցելեց մետալուրգիական ձեռնարկություններ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 8, 2011 16:39

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Երեւանում գտնվող մետալուրգիական «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ, որը հանդիսանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ճյուղային ընկերություններից մեկը: Ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը ֆերոմոլիբդենի արտադրությունն է:

Ս. Սարգսյանը Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի ուղեկցությամբ շրջեց ձեռնարկությունում, ծանոթացավ արտադրական աշխատանքներին եւ ընկերության գործունեությանը: Լրագրողների հետ զրույցում Մ. Հակոբյանն ասաց, որ ընկերության արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է Եվրոպա, իսկ 20 տոկոսը` Ասիա: Ներկա պահին արտադրական հզորությունները հնարավորություն են տալիս տարեկան արտադրել 3 հազար 600 տոննա ֆերոմոլիբդեն, իսկ նախորդ տարի արտադրվել է միայն 2 հազար 320 տոննա, որն ամբողջությամբ իրացվել է: Ըստ Մ. Հակոբյանի` այս տարվա առաջին եռամսյակում ֆերոմոլիբդենի արտադրության ծավալը հասել է 600 տոննայի` նախորդ տարվա 540 տոննայի փոխարեն: Ընկերությունն ունի 500 աշխատող:

«Մշտական աշխատանքներ են տարվում նոր տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման ուղղությամբ: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում նախատեսում ենք ավելացնել աշխատատեղերի թիվը»,-ասաց Մ. Հակոբյանը: 2008 թվականից սկսվել է նաեւ հիդրոմետալուրգիայի արտադրամասի կառուցումը, որը հնարավորություն կտա արտադրել մաքուր մոլիբդեն եւ վերամշակել ինչպես ցածր որակի խտանյութ, այնպես էլ երկրորդական հումք: Նախատեսվում է շինարարությունն ավարտել այս տարվա հուլիսին:

Ընդհանուր առմամբ ներդրումային ծավալը կազմում է 1 մլրդ 70 մլն դրամ: Ըստ Մ. Հակոբյանի` իրենց մշտական ուշադրության կենտրոնում են նաեւ աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավմանն առնչվող հարցերը, գործում է սեփական պոլիկլինիկա, աշխատակիցներն ապահովված են անվճար սննդով եւ տրանսպորտով: Նշենք, որ ավելի վաղ Ս. Սարգսյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ, այցելել էր նաեւ Երեւանի «Մաքուր երկաթի գործարան», որը հիմնադրվել է 1970 թվականին: Այն սեփականաշնորհվել է 1995 թվականին բաց աճուրդով, ունի 92 բաժնետեր, որորնցից 4-ը` արտասահմանից:

Ամենամեծ բաժնետերը` 51 տոկոսով, գերմանական «Քրոնիմետ» ընկերությունն է: 2010 թվականին գործարանն արտադրել է ֆերոմոլիբդեն, մոլիբդեն մետաղ, կալիումի պերռենատ, ամոնիումի պերռենատ: Ներկայում կառուցվում է մոլիբդեն մետաղի գլանման արտադրամաս` թիթեղների ստացման համար: Ընկերությունն ունի 600 աշխատող, որոնց միջին աշխատավարձը հասնում է 200 հազար դրամի: «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն»-ում ՀՀ նախագահի գլխավորությամբ եւ ոլորտի 70 գործարարների մասնակցությամբ անցկացվում է խորհրդակցություն:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply