Մազահեռացման արդյունավետ միջոցներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 10, 2011 6:38

Ոչ այնքան վաղ անցյալում ավելորդ մազածածկույթն ու անցանկալի մազերն իսկական ողբերգություն էին կանանց համար:  Սափրելը, ունելիով քաշելը կամ էլ բիոէպիլյացիան (շաքարի թանձրահյութով, խեժով կամ էլ մոմով) այն մեթոդներն էին, որոնցով  կարելի էր որոշ ժամանակով ազատվել  անցանկալի մազածածկույթից , իսկ իրականում մազապարկերը մնում էին ու ավելի  կոշտանում, հաստանում, ու թե մինչ այդ միայն դու գիտեիր դրա մասին, ապա այժմ արդեն այն օտար աչքից թաքցնելը դառնում էր անհնար:

Հիմա նայում ես կանանց դեմքին և ուրախանում, թե ինչպես է, որ բոլորը հարթ ու մաքուր, առանց ավելորդ մազերի մաշկ ունեն նախկին գերօքսիդով անբնականորեն շիկացրածի փոխարեն: Լավ է, որ կանանց այդ մի հոգսն այսօր կարելի է հեշտությամբ ու անհետևանք լուծել: Դրա համար պարզապես պետք է իմանալ, թե ինչ  մեթոդներ, միջոցներ կան ու ընտրել դրանցից  ամենահարմարն ու մատչելին: Հարթ մաշկը կնոջը գրավիչ է դարձնում ու ինքնավստահություն հաղորդում: Որո՞նք են դրանք:

Ամենապարզ ու հասանելի միջոցներից է ածելին, սակայն  հաջորդ օրն իսկ սափրած մազը կրկին սկսում է ծլել:

Ամենատարածվածը կենսաէպիլյացիան է` մոմովը: Տնային պայմաններում  խեժ ու մոմ  պատրաստելն արգելվում է: Դեղատներում վաճառվում են հատուկ կպչուն շերտեր, որոնցից օգտվելու եղանակը կարող եք կարդալ հենց տուփի վրա: Այս մեթոդի վատն էլ այն է, որ կտրուկ քաշելու հետևանքով մաշկը գրգռվում է ու հետագա օրերին  կրկնելը  չի խրախուսվում: Այն կարելի է օգտագործել ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի մազերի հեռացման նպատակով: Տնային միջոցներից  է ունելին: Ունելիով արմատախիլ արված նուրբ, բարակ մազերը,  ի վերջո, վերածվում են կոշտ ու կոպիտ, զսպանակաձև ու ամուր բուսածածկույթի, որի դեմ պայքարելը շատ  է դժվարանում:

Մազահեռացնող քսուքներ. դրանք կարող են ալերգիաների ու մաշկի գրգռման պատճառ դառնալ: Ճիշտ է, այս մեթոդները համարվում են շատ արդյունավետ, սակայն` ոչ երկարաժամկետ:

Վիբրաէպիլյատոր. սա բավականին տանջալի գործողություն է ու բավականացնում է ընդամենը  2 շաբաթ:

Շուգարինգ. մեղրով կամ շաքարով պատրաստվող միջոցներն են ու դրանով կարելի է հեռացնել միայն ձեռքերի ու ոտքերի մազերը:

Էլեկտրաէպիլյացիա. թույլ հոսանքով քայքայում է մազարմատը: Սա արդյունավետ միջոց է, նույնիսկ ճերմակ ու բաց գույնի մազերի, սակայն   ոչ բիկինիի, կրծքի  (հատկապես եթե մաստոպաթիա ունեք) և թևատակերի  մազահեռացման համար: Ու եթե մասնագետն այնքան էլ արհեստավարժ չէ, հնարավոր է, որ  դրանից հետո  մաշկի վրա հետքեր մնան:

Ֆոտոէպիլյացիան կատարվում է բարձրէներգետիկ իմպուլսային լամպի միջոցով:

Լազերային էպիլյացիայի մեթոդն արդյունավետ է  դեմքի. պարանոցի, թևատակի, բիկինիի, ձեռքերի, ոտքերի ու պտուկների մազահեռացման նպատակով:

Սակայն խնդիրներ ունեն ոչ միայն կանայք: Այսօր լազերային էպիլյացիայից օգտվում են նաև տղամարդիկ: Նրանք այս միջոցով հեռացնում են դեմքի, պարանոցի, մեջքի, ականջների ու կրծքի մազերը:  Նրանք, ովքեր կարծում են, թե կոշտ ու մուգ գույնի մազեր ունեն ու մարմի խնդրահարույց մազածածկ հատվածներ, աշխատում են օգտվել լազերային էպիլյացիայից: Այն անցանկալի մազերի հեռացման արդյունավետ ու արագ միջոց է: Գործողությունից մոտավորապես 3-10 օր հետո թվում է, թե մազերը կրկին աճում են, սակայն դրանց մեծ մասը թափվում է ընդմիշտ: Հաջորդ փուլը 14-25 օր հետո է կատարվում, մազերն աստիճանաբար թափվում են: Այսպես շարունակվում է 6 շաբաթ, որից հետո մազերի 85-95%-ն այլևս չի աճի: Իսկ մնացածն էլ`  կդառնա աննկատ:

Ներկայումս գոյություն ունի լազերային նորագույն համակարգ, որում միահյուսվում են լազերային ու ֆոտոէպիլյացիայի լավագույն  հատկությունները: Լազերն ազդում է միայն մազարմատի ու մազի վրա, չդիպչելով մաշկին:

Այդուամենայնիվ բոլոր միջոցներն էլ մազոտության հետևանքը վերացնելու համար են ստեղծված, իսկ պատճառները կարող են ինչպես ժառանգական լինել, այնպես էլ ներզատիչ (հորմոնալ) համակարգի, վահանաձև գեղձի, ձվարանների, հիպոֆիզի, մակերիկամների հիվանդությունների հետևանք լինել Դրա համար խնդիրը պետք է ոչ միայն կոսմետիկ միջոցներով, այլև ներզատաբանի ու գինեկոլոգի հետ համատեղ լուծել:

Որպեսզի դրանք չաճեն, անհրաժեշտ է արևից  ու սոլյարիից հեռու մնալ: Սնուցող քսուքներ հնարավորինս քիչ օգտագործել, հատկապես` A և E վիտամիններ պարունակող: Հորմոն պարունակող դեղորայք, քսուք, հակաբեղմնավորիչ դեղահաբ օգտագործելուց առաջ  էլ խորհրդակցել բժշկի հետ:

Ինչո՞ւ չենք կարողանում դրանք իսպառ վերացնել

Բանն այն է, որ մազի աճը 3 փուլով է ընթանում: Ու չկա մի պահ, որ բոլոր մազերը լինեն աճման նույն փուլում, ու դա լավ է, քանի որ, եթե թափվելու լինեն, ապա մարդը միանգամից կճաղատանա, իսկ մազահեռացման համար գոնե 3 անգամյա գործողություն պետք է կրկնել, որպեսզի ազատվենք անցանկալի մազերից:

Դիտվել է 15545 անգամ:
Print Friendly

Leave a Reply