Մինչև Ստեփանակերտի օդակայանին բացումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | April 8, 2011 15:39
Ստեփանակերտի օդակայանի բացման հայտարարությունն ուղղակի քաղաքական իրադրային նշանակություն ունի։ Ամեն բանե առաջ Արցախի անկախ հանրապետության հավելյալ ամրագրումին հիմնովին նպաստող քայլ է։ Իրողականեն անդին անկախության իրավական ճանաչումին ձգտող քայլ է անիկա նաև այն առումով, որ իրականացվելիք թռիչքները, եթե սկզբնական շրջանին Երևան-Ստեփանակերտ են կամ հակառակ ուղղությամբ, ապա, հայտարարություններուն համաձայն, նաև դեպի արտաքին աշխարհ են առաջիկային։ Համենայն դեպս, օդակայանի կառույցն այնպիսին է, որ միայն մեկ ուղղությամբ թռիչքներ իրականացնելու համար չէ։
Պաշտոնական Բաքվի հակազդեցությունը ջղագրգիռ էր անշուշտ և այդ առումով ազրբեջանական կողմին համար օրինաչափ։ Այնքան մը, որ Ազրբեջանի քաղաքացիական օդանավային ընկերության վարչության պետը սպառնացած էր հարվածել Ստեփանակերտեն թռիչք առնող կամ դեպի Ստեփանակերտ ուղևորվող օդանավերը։
Հարցը, անշուշտ, հրապարակային քննարկումի ենթարկվեցավ, ինչպես հայկական, այնպես ալ ազրբեջանական պետական, հասարակական և լրատվական շրջանակներուն մեջ։ Առաջին հերթին անհասկնալի էր (և ոչ միայն անհասկնալի) Ազրբեջանի մեջ Միացյալ Նահանգներու դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը, ըստ որուն մինչև օդակայանին բացվիլը հարցը պետք է քննարկվի երկու կողմերուն միջև։ Եթե դրական բաժին որոնենք ըսվածին մեջ, այն պիտի ըլլա հավանաբար, որ կողմ ըսելով այս պարագային կհասկցուի ԼՂՀ, ինչ որ պաշտոնական ճանաչումի մեկնաբանության տեղի տվող հայտարարություն է պաշտոնական Վաշինկթնի մեկ ներկայացուցիչին կողմե։ Անհասկնալին այն է, որ արցախյան ճամփորդատար օդանավեր պայթեցնելու ազրբեջանցի պաշտոնատարին հայտարարության դիմաց ըսելիք չունի հակաահաբեկչական պայքարի ռահվիրա ներկայացնող երկրին ներկայացուցիչը։ «Երկու կողմերը պետք է քննարկեն օդակայանի բացումի խնդիրը»։ Այսքան։
Մինչև Բրայզայի սպասված քննարկումը, սակայն, հայկական կողմը բավական հստակացուց, որ պայթեցման սպառնալիքի տակ գտնվող օդանավին առաջին ուղևորը պիտի ըլլա Հայաստանի Հանրապետության նախագահը, որ պաշտոնական Բաքվի կեցվածքը որակեց ոչ պետականավայել, այլ միջազգային ահաբեկչական կառույցներուն հարիր ելույթ։
Եթե ընդունինք, որ քաղաքացիական օգդանավային ընկերության Բաքվի պաշտոնատարին այս հայտարարությունն իր երկրի բարձրաստիճան դեմքերուն ռազմատենչ հայտարարություններուն շղթային մաս կազմող մեկ օղակ է պարզապես, ապա կրկին անգամ հարցադրումը ինքզինք պարտադիր կդարձնե։ Ինչո՞ւ չ՛երևիր միջազգային ընտանիքին դատապարտանքը։ Այստեղ հրադադարի խախտումի դեպքերուն պատասխանատվությունը հավասարեցնելու մասին չէ խոսքը։ Մեկ կողմը օդակայն կը բանա, մյուս կողմը կսպառնա պայթեցնել օդանավերը։ Հավասարեցումն այս պարագային Միացյալ Նահանգներու դեսպանը կկատարե՝ մինչև օդակայանի բացումը կողմերը պետք է համատեղ քննարկեն խնդիրը։
Հավասարեցումի խաղն այստեղ տեղ չունի զարգանալու։ Մինսկի համանախագահները, ներառյալ ամերիկացի համանախագահը, ամենայն հավանականությամբ իրենց հերթական այցելություններուն համար պիտի օգտագործեն դեպի Ստեփանակերտ թռիչքներեն մեկը, որուն նկատմամբ սպառնալիք հրապարակուած է և որ չէ դատապարտված միջազգայնորեն։ Գոնե մինչ այժմ։
Մեկ հիմնական կետ ևս պետք է դիտարկել և այս հանգրվանին համար փակել թեման։ Հայկական օդանավ պայթեցնելու սպառնալիք կատարողը Ազրբեջանի քաղաքացիական օդանավային ընկերության վարչության պետն է և ոչ թե Ազրբեջանի պաշտպանության նախարարը։ Հայտնաբար քաղաքացիական և զինվորական ծառայությունները միևնույն լիազորություններն ու իրավասություններն ունին Ազրբեջանի մեջ։ Այս մեկը ևս խնամքով անուշադրության մատնված է միջազգային ընտանիքին կողմե։
Միջնորդ կողմերն իրենց միջև պետք է քննեն ա՛յս խնդիրը։ Մինչև Ստեփանակերտի օդակայանի բացումը։
Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր






Facebook
Tweet This
Email This Post
