Բուժվել կարելի է ծաղիկներով ու գույներով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 12, 2011 16:30

Երբ դեն եք նետում չորացած ծաղկեփունջը, այդպիսով կարծես  ազատվում եք անպետք խնդիրներից: Ծաղիկները ներդաշնակ են դարձնում  կյանքը, էներգիա պարգևում, ինչն անհրաժեշտ է մեծ ու փոքր սթրեսները հաղթահարելու համար. այս կարծիքին են բժշկության  Ֆիտոթերապիա նորաձև ուղղության նույնքան նորաձև ճյուղի ներկայացուցիչները` ֆլորաթերապևտները:

Բույսերի ու ծաղիկների հոտերը բարերար ազդեցություն են ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Ծաղիկներով զարդարեք բնակարանը, կանաչապատեք տունը, հողամասը ու հետևեք, որ ծաղկամանի մեջ միշտ թարմ ծաղիկներ լինեն: Եթե  նման  ցանկություն ունենում եք, ուրեմն ձեզ բնությանը մոտիկ լինելու բնական մղումն է առաջնորդում: Թարմ ու բնական ծաղիկներով բուժումը ֆիզիկապես ու հոգեպես  մաքրվելու գերազանց միջոց է: Առաջին անգամ «ֆլորաթերապիա»  եզրույթն օգտագործել է  անգլիացի դոկտոր Էդվարդ Բախը: Նա համարում էր, որ ծաղիկները աճելու ընթացքում մարտկոցների նման կուտակում են էներգիան: Իսկ երբ դրանք պոկում եք,  այդ էներգիան նրանք  տարածում են`  մարդու շուրջ  ձևավորելով էներգետիկ տարածություն:

Արդեն նորություն չէ, որ բույսերի բույրերը դրական ազդեցություն են ունենում  կենտրոնական նյարդային համակարգի ու օրգանիզմի պաշտպանական ուժերի վրա: Իսկ տնաբույս թաղարային ծաղիկների վիճակով կարելի է դատել  տիրոջ հոգեկան ու ֆիզիկական առողջության  մասին:

Հոտավետ խորդենու ու դեղաբուսային երիցուկի բույրերը հանգստացնում են, նպաստում հանգիստ քնին:

Անանուխի հոտը հոգնածությունն է անցկացնում և օժտված է անոթալայնիչ ազդեցությամբ:

Հոգեբանական հետազոտություններով պարզվել է, որ մարդու վրա բարերար ազդեցություն են ունենում նաև գույները:

Օրինակ` դեղինը մենք ընդունում ենք որպես արևի, նոր օրվա, ապագայի գույն: Դեղինը երջանկության սպասման, տաքության ու հարմարավետության գույնն է: Վարակիչ  հիվանդությունների ժամանակ, օրինակ, առաջարկվում է դեղին գույն ունեցող իրերով շրջապատել հիվանդին:

Կարմիրը նույնացվում է արյան,  նախնադարից մեզ հասած որսի բնազդի հետ, խթանում է նյարդային ու հորմոնալ ակտիվությունը, առաջնորդելու ձգտումը, հաղթանակելու կամքը:Կարմիր երանգ ունեցող ծաղիկներն օգնում են ներքին հիվանդությունների ժամանակ: Իսկ վառ գույնի փոքրիկ ծաղկեփունջը խոհանոցում կբարձրացնի ախորժակը:

Կանաչն այնպիսի հատկանիշներ է արթնացնում , ինչպիսիք են` վճռականությունն ու նպատակաուղղվածությունը: Լայնատերև, մուգ կանաչ գույնի տերևներով բույսը ձեզ կօգնի  տրամաբանորեն մտածել ու վերլուծել կատարվածը:

Կապույտ գույնը գիշերվա, հանգստության ու խաղաղության  խորհրդանիշ է, տրամադրում է ճանաչողական մտածողության: Գույնի սառը երանգները կարող են մարել անհիմն ագրեսիան: Օգտակար է վառ երկնագույն ծաղիկների առկայությունն այն  սենյակում, որտեղ ընտանիքն անցկացնում է հանգիստը:

Սպիտակը օդի, մաքուր մտքերի ու գործերի նշանն է: Խորհուրդ է տրվում հուզական խնդիրների ու ապրումների ժամանակ:

Ճիշտ  ծաղկեփունջ կազմելու համար մի շատ պարզ բան պետք է իմանալ, որ սառը գույները մարում, հանգստացնում  են գրգռվածությունը, իսկ վառ գույները բարձրացնում են տոնուսը:

Շատ կարևոր է օրգանիզմին ականջ դնելու ունակությունը: Մենք սովոր ենք մեր օրգանիզմից շարունակ պահանջել, օրինակ, լավ ինքնազգացողություն կամ էլ հեզություն, իսկ նա կարող է մեզ հուշել, թե ինչն է իրեն օգտակար ու հետևաբար` բարերար մեզ համար:

Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply