Չխաղալը հավասար է մարզաձևը վերացնելուն
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | April 14, 2011 0:27
Ռումինիայի Յասի քաղաքի մարզապալատում կայացած մինչև 17 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները, նորամուտ նշելով, տանուլ են տվել անցկացրած բոլոր խաղերը: Ինչ խոսք, կատարվածն անցանկալի է: Հայաստանի պատվիրակության վերադարձից հետո փորձեցինք պարզել պատճառը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը հայտնեց, որ պարտություններն անսպասելի չէին, սակայն չէր ենթադրվում, որ Հոլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներում իր սաները խոշոր հաշիվներով կզիջեն մրցակցուհիներին: Այդ թիմերի խաղացողները բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով են: Գյուրջինյանը կարծում է, որ թեև խմբում առաջին տեղ է զբաղեցրել տանտիրուհիների հավաքականը, սակայն ավելի բարձր խաղամակարդակ է ունեցել Հոլանդիայի ընտրանին: Այնպես որ, երկու մրցակից թիմերն էլ ուժեղ, տեխնիկապես լավ պատրաստված են, նաև կոշտ են խաղացել, մերոնց հարվածել են, վնասվածքներ են պատճառել:
«Առաջին` Հոլադիայի հավաքականի հետ խաղում նաև թիմի հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանն է ոտքի վնասվածք ստացել: Նրան փոխարինել է Ֆրանսիայից ժամանած Մարգո Թերզյանը: Դա էլ շատ բանով կանխորոշեց, որ անցանկալի հաշիվներով պարտվենք: Իսկ երրորդ մրցակցի ` Իսրայելի հավաքականի հետ հանդիպմանը մերոնք արդեն «կոտրված» ներկայացան: Եթե այդ թիմի հետ առաջինը մրցեինք, հանրավոր է, որ հաղթեինք: Ի դեպ, իսրայելցիները շատ կոպիտ էին և փորձում էին ծեծկռտուք սարքել, մերոնք էլ աշխատում էին պարտքի տակ չմնալ: Սակայն չմոռանանք, որ իսրայելցիները սովոր են դրան: Դժվարանում եմ ասել` այդ մարզուհիները բանակային ծառայության մե՞ջ էին, թե՞ նոր պետք է զինվոր դառնային»,- ասաց Գյուրջինյանը:
Իսկ երբ հարցրինք, թե կատարվածի համար ում է մեղավոր համարում, չցանկացավ որևէ մեկի վրա բարդել այդ ամենը` նշելով, որ խաղերի ժամանակ թերություններ են ի հայտ եկել, և դրանք իր բացթողումներն են: Խանգարել է մրցակցական փորձի պակասը, նաև այն, որ հավաքականը փոքր չափերի մարզասրահում է նախապատրաստական պարապմունքներն անցկացրել: Ակնկալվել է, որ Ֆրանսիայից բարձրակարգ մարզուհիներ կհամալրեն մեր երկրի հավաքականը, սակայն թիմին միացած մեր 5 հայրենակցուհիներն իրենց պատրաստականությամբ զիջել են հավաքականի մյուս խաղացողներին: Իսկ թե ինչու էին նրանց ընդգրկել հավաքականում, Գյուրջինյանը տեղեկացրեց, որ միայն Ֆրանսիայում կազմակերպված համատեղ ուսումնամարզական հավաքի և անցկացրած ստուգողական հանդիպումների ժամանակ է դա պարզվել: Եվ քանի որ արդեն ժամանակ չի մնացել նոր խաղացողներ հայտավորելու համար, նրանց անունները թողել են ցուցակում: Փաստորեն, վստահել են Ֆրանսիայում աշխատող մասնագետներին, իսկ նրանք այնպիսի խաղացողներ չեն ընտրել, ովքեր կարող են օգտակար լինել թիմին:
Վերջապես, մարզչին հարցրինք, թե իմաստ ունե՞ր մասնակցել Եվրոպայի առաջնությանը, երբ նախապես հայտնի էր, որ պարտվելու հավանականությունը մեծ է: Գյուրջինյանը կարծում է, որ, անկախ ամեն ինչից, պետք է հնարավորն արվի, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչները պարբերաբար մասնակցեն եվրոպական ստուգատեսներին: Եվ քանի դեռ Հայաստանում ժամանակակից մարզասրահներ, համապատասխան պայմաններ չկան մարզաձևի զարգացման համար, հետ ենք մնալու: Այդուհանդերձ, նա ասաց. «Այժմ նոր հերթափոխ է աճում: Եվ պետք անել հնարավորը, որ հետագայում մեր մարզուհիներն ավելի լավ խաղան: Միայն այդ ճանապարհով կարելի է արդյունքի հանել: Իսկ չխաղալը հավասար է մարզաձևը մեր երկրում վերացնելուն: Ինչ վերաբերում է մեր ֆրանսիացի հայրենակիցների օգնությանը, ապա իրավունք ունենք նրանցից ավելին պահանջելու, քանի որ դա նպատակային ծրագրով է կատարվում: Կա նաև Հայաստանում բարձրակարգ մարզիչների խնդիր: Հարցեր են, որոնք պետք է լուծում ստանան: Թևաթափ չենք, մտածում ենք նոր ուժով աշխատելու մասին: Իսկ կատարվածի վերջնական գնահատականը կտա Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը»:






Facebook
Tweet This
Email This Post
