Նախկինից լա՞վ, թե՞ վատ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 10, 2011 16:23

Մի տարի առաջ  վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ  Խաչիկ Ասմարյանը հրաժարական է տվել: Նրան փոխարինել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որն այդ մարզաձևի հետ նախկինում ոչ մի առնչություն չի ունեցել:

Ինչքանո՞վ է արդարացվել այդպիսի փորձը: Առհասարակ վերջին տարիներին քիչ չեն դեպքերը, երբ տարբեր մարզաձևերի Հայաստանի ֆեդերացիաների նախագահների պաշտոններ են  զբաղեցնում այնպիսի մարդիկ, ովքեր  ոչ միայն այդ մարզաձևերի, այլև ընդհանրապես սպորտի հետ կապ չեն ունեցել: Ահա, հետաքրքիր է, թե ինչ իրավիճակ է տիրում հայկական վոլեյբոլում նոր նախագահ ունենալուց մեկ տարի անց:

Ֆեդերացիայի նախկին նախագահ Ասմարյանն ինքնակամ է  ազատել զբաղեցրած պաշտոնը: Եվ պատճառն այն էր,  որ նա  միայն պետական աջակցության միջոցներով էր փորձում կատարել կազմակերպական աշխատանքը, իսկ այդ ֆինանսները բավարար չէին: Երկար ժամանակ Ասմարյանը հայտարարում էր, որ եթե համապատասխան մեկը գտնվի, որ կլուծի ֆինանսական խնդիրները, ինքը կհեռանա: Եվ Հայաստանի սպորտի գլուխ կանգնած ղեկավար այրերն էլ պատրաստակամություն էին հայտնել օգնել, որ այդ գործը գլուխ բերվի, այդ պաշտոնի թեկնածու գտնվի:

Սակայն Ասմարյանի ղեկավարման տարիներին, չնայած սուղ միջոցներին, առաջնություններ էին անցկացվում Հայաստանի ուժեղագույն թիմերի մասնակցությամբ: Մինչդեռ, երկար ժամանակ է` այդպիսի շարժ գրեթե չի նկատվում: Ընդ որում, 2010-ի վերջին չանցկացվեցին Հայաստանի գավաթի խաղարկությունը և Սերգեյ Արակչյանի  հուշամրցաշարը: Այս ամենից շատերն են դժգոհ, վրդովված է նաև Խաչիկ Ասմարյանը, որ Հայաստանի բազմակի չեմպիոն վոլեյբոլիստուհիների «Նժդեհ» թիմի գլխավոր մարզիչն է: «Անկախացումից հետո ոչ մի անգամ չի եղել, որ Հայաստանի գավաթը չխաղարկվի: Փող ունեցել ենք, թե ոչ, բայց գավաթային մրցումներ անցկացրել ենք: Աբսուրդ է, որ անկախացած Հայաստանում երկրի գավաթը չի խաղարկվում: Ընդ որում, գավաթի խաղարկության կազմակերպումը ֆինանսական մեծ ծախսեր գրեթե չէր պահանջում: Պարզապես, անհրաժեշտ էր կազմակերպական մի փոքր աշխատանք կատարել: Բոլոր թիմերն էլ պատրաստ էին խաղալու: Որպես կանոն, գավաթային մրցումները նախկինում անցկացվել են Հայաստանի առաջնությունից հետո, մինչև նոյեմբեր: Բայց հայտնի չէ, թե ինչու ֆեդերացիայի նոր ղեկավարությունը չանցկացրեց Հայաստանի գավաթի խաղարկությունը: Ավելի ցավալի է, որ արդեն շուրջ կես տարի է` Հայաստանի ոչ մի տարիքային խմբի առաջնություն չի անցկացվել: Նախատեսվում է ապրիլին սկսել Հայաստանի մեծահասակների առաջնությունը, սակայն  ո՛չ օրացուցային պլան կա, ո՛չ էլ  առաջնության կանոնադրություն: Ես մարզում եմ աղջիկների և մեծահասակների թիմեր: Եվ չեմ կարողանում պլանավորել անելիքը»,- ասաց Ասմարյանը:

Մասնագետի մտահոգությունը տեղին է: Փաստորեն, դեռ նախորդ տարվա վերջին պետք է կազմված լիներ 2011-ի միջոցառումների օրացուցային պլանը, թեկուզ մոտավոր տեղեկացվեր, թե ինչ և երբ է նախատեսվում անել: Ֆեդերացիայի նախկին նախագահն օրինակ բերեց, որ առաջներում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ամենաուշը դեկտեմբերին վոլեյբոլի բոլոր ակումբներին, կենտրոններին ուղարկել է հաջորդ տարվա մրցումների օրացուցային պլանը և Հայաստանի առաջնության կանոնադրությունը: Միայն նշվել է, որ դա նախնական օրացուցային պլան է, այսինքն` հնարավոր են նաև փոփոխություններ: Եվ ահա այժմ այս առումով մշուշոտ պատկեր է:

Հետաքրքրվեցինք, որ եթե հստակեցվի, թե երբ են առաջնություններ անցկացվելու,  կա՞ն կանանց և տղամարդկանց թիմեր, որոնք կմասնակցեն մրցումներին: Պարզվեց, որ հիմնականում այն թիմերն են նախապատրաստվում նոր առաջնությանը, որոնք խաղացել են նախորդ տարի, սակայն կան նաև կորուստներ: Տղամարդկանց մրցաշարում, ամենայն հավանականությամբ, կխաղան ՖԻՄԱ-ն, Արմավիրի թիմը: Չկան «Արաբկիրը» «Ախթալան»: Վերջինիս աջակցում էր Վազգեն Խաչիկյանը: Ցավով նշվեց, որ հույս կար, որ երիտասարդ խաղացողներ ունեցող «Արաբկիրը» կուժեղացնի կազմը, սակայն  կոլեկտիվը ցրվել է: Այժմ մտածում են այն մասին, թե այդ թիմերի փոխարեն ինչպես նորերը ստեղծեն:

Մի բան  ակնհայտ է, որ Հայաստանում առանց այն էլ վոլեյբոլի քիչ, հիմնականում սիրողական մակարդակի թիմեր ունենալով`  փոխանակ եղածը պահպանելու, ամեն բան հակառակ ուղղությամբ ենք անում: Հայաստանի վոլեյբոլիստուհիների առաջնությանը նախապատրաստվում են «Նժդեհը», Ստեփանակերտի, Սիսիանի և Աշտարակի թիմերը: Իսկ թե ինչ սկզբունքով է կայանալու առաջնությունը, թիմերը մեկնումներո՞վ են խաղալու, հանդիպումնե՞ր են անցկացնելու սեփական հարկի տակ և մրցակցի խաղահրապարակում, թե՞ կկազմակերպվեն խմբային մրցաշարեր` տարբեր փուլերով, կպարզվի միայն այն ժամանակ, երբ հստակեցվի, թե որ թիմերն են խաղալու Հայաստանի առաջնությունում: Ասմարյանը հայտնեց, որ այդ մասին տեղեկություն չունի, և դա  բարդացնում է գործը, քանի որ, իր փորձից ելնելով, գիտի, որ անհրաժեշտ է  տեղյակ պահել ակումբի ղեկավարությանը, որպեսզի մասնակցելու համար նախահաշիվ կազմվի, բյուջե սահմանվի:

Ի դեպ,  ֆեդերացիայի նախկին նախագահը հայտնեց, որ պատարաստ է  իր ունեցած աշխատանքային փորձը հաղորդել ֆեդերացիայի նոր ղեկավարությանը, օգնել, որպեսզի աշխատանքն ավելի լավ կազմակերպվի, սակայն այդպիսի առիթ չի ստեղծվել: «Ֆեդերացիայի նորընտիր նախագահը և նրա ենթակաները չեն ցանկացել թեկուզ մեկ անգամ հանդիպել ֆեդերացիայի նախկին նախագահի հետ, եթե ոչ փորձի փոխանակման, գոնե որևէ հարցի մասին կարծիք լսելու համար: Անցած տարվա վերջին, ի դեպ, խորհրդաժողով է կազմակերպվել, սակայն ֆեդերացիայի նախկին նախագահին անգամ մասնակցելու հրավեր չի ուղարկվել: Փոխարենն այդ հավաքին այնպիսի մասնգետներ են մասնակցել, ովքեր 25-30 տարի է` վոլեյբոլի հետ ոչ մի կապ չեն ունեցել, կարելի է ասել, որ չգիտեն, թե վոլեյբոլն ինչ է»,- ասաց Ասմարյանը:

Եվ քանի որ լողափնյա վոլեյբոլն օլիմպիական մարզաձև է, ինքնին հարց առաջացավ, թե այդ ուղղությամբ ինչ է արվում. Հայաստանում մրցումներ նախատեսվո՞ւմ են, մեր երկրի ներկայացուցիչները պայքարելո՞ւ են  օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք տվող ուղեգրերի համար: «Այդ մրցաձևին մատների արանքով են նայում: Տարեվերջին ֆեդերացիայի կատարած աշխատանքի մասին ինքս եմ հաշվետվություն ներկայացրել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն: Եվ նշելով կատարվածի մասին` հայտնել եմ, որ նպատակային աշխատանքի դեպքում հնարավոր է այդ մրցաձևում արդյունքի հասնել: Բայց  վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայի նոր ղեկավարությունն ասել է, որ այդ ուղղությամբ անելիք չունենք»,- պարզաբանեց Ասմարյանը:

Նա դժվարացավ ասել, թե ովքեր են ներկայումս վոլեյբոլի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականների մարզիչները: Հայտնեց, որ տեղյակ է ֆեդերացիայի գրասենյակ հիմնելու մասին, բայց թե որտեղ է այն, չգիտի: Մասնագետը դրա համար մեղավոր չի համարում ֆեդերացիայի նոր նախագահին, քանի որ նա այդ բնագավառում նոր մարդ է, տեղյակ  չէ, թե ինչ է կատարվում: Ասմարյանի կարծիքով`  Խաչատրյանի շուրջը կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ ինքը և ֆեդերացիայի աշխատանքներին նախկինում ակտիվորեն մասնակցած մի խումբ մասնագետներ որևէ գործ ունենան: Ասվածը զարմացրեց այն առումով, որ ֆեդերացիայի փոխնախագահը Խաչիկ Ասմարյանի որդին, Հայաստանի բազմակի չեմպիոն վոլեյբոլի ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչ Կարեն Ասմարյանն է: Սակայն ֆեդերացիայի նախկին  նախագահը հայտնեց, որ նախընտրում են` իր որդին ֆեդերացիայում միայն գիտական աշխատանքներով  զբաղվի, հիմնավորելով, որ նա ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի դասախոս է, մինչդեռ նա  նաև փորձառու մարզիչ է, մրցավար: «Ի դեպ, կան նաև այլ երիտասարդ կարող ուժեր, բայց նրանց ևս աշխատում են հեռու պահել: Ինքս ֆեդերացիայում որևէ պաշտոն զբաղեցնելու, հավաքական գլխավորելու նպատակ չունեմ: Սակայն եթե փոփոխություն է կատարվել, ապա պետք է նոր բան արվի, արդյունք արձանագրվի: Իսկ երբ ամեն բան նախկինից էլ վատ է, դա արդեն հիասթափեցնում է: Նոր նախագահը պետք է իմանա այս ամենի  մասին, տեղեկանա, թե ինչ է կատարվում: Եթե նա ֆինանսներ է տրամադրում, պետք է հետաքրքրվի, թե ինչ է արվում»,-եզրափակեց Ասմարյանը:

Դիտվել է 1415 անգամ:
Print Friendly

Leave a Reply