«Բա իրանց պալո՞ժ ա Գեղանիստից ծաղիկ առնեն. Հոլանդիայից կբերեն»

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 13, 2011 6:19

Նախկին Աստաֆյան, իսկ այժմ Աբովյան փողոցը մի հուշ ունի, որը թանկ է բոլոր հին երևանցիների համար. Կարա-Բալան:  Նա մի ծերուկ էր, որ հին Աստաֆյանի վրա ծաղիկ էր վաճառում, ու ասում են, որ նաև ծաղիկներ էր նվիրում անցորդ աղջիկներին:

Ստեփան Հարությունյանին տասնամյակներ հետո անմահացրեց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, որի հեղինակած Կարա-Բալան վերջին տարիների ընթացքում տեղից տեղ են տանում, հիմա նա հանգրվանել է Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկայի» դիմաց:

Երևի  մեր իշխանությունները ծաղիկ չեն սիրում, քանի որ Կարա-Բալային տեղից տեղ «քշելով»` նույն կերպ էլ վարվում են այսօրվա կարաբալաների հետ, որոնք շատ են, սակայն պահանջված:

2004 թ. ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված է, որ փողոցում թույլատրվում է  ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը:

Արզուքան Հակոբյանը, որն ամեն օր Երևան է գալիս Գեղանիստ գյուղից, օրվա հացի ապրուստը վաստակում է Երևանի կենտրոնում  ծաղիկ վաճառելով: Նա իր մշտական տեղում  կանգնած է արդեն 6 տարի և իր հաճախորդներն ունի, որոնք նրան միշտ գտնում են այդտեղ: Դեղին նարգիզների, կակաչների, ֆրեզիաների ու  հակինթների փնջերի կողքին դրված են սենյակային բույսերով թաղարներ: Մարդիկ անցնում և մի պահ կանգ են առնում, ոմանք գինը հարցնում և գնում են, ոմանք էլ ընտրում և առնում են:

«Հիմի ինձ ասում են` թող ստեղից գնա, ես ո՞ւր էթամ,- «Անկախին» ասում է Արզուքանը,- ասում են` գնա Տերյան, ստեղ, ընդեղ, իմ հաճախորդներն ինձ ստեղ գիտեն, կամ ինչի՞ գնամ»:

Մինչև  մեկ ամիս առաջ նա շաբաթական 4000 դրամ վճարել է ոստիկանին, իսկ մեկ ամիս առաջ էլ որոշել է օրինականացնել առևտուրն ու փաստաթղթերը տվել է Կենտրոն թաղապետարան: «Հիմի էլ թղթերս ձգձգում են, ոչ ձեն կա, ոչ էլ էն, արդեն երկրորդ ամիսն ա,- ասում է նա,- հիմի էլ, որ իմացան թղթերս տվել եմ թաղապետարան, ասում են՝ ստեղ մի դիր, մի քիչ էն կողմ դիր, կամ մենակ գարշոչնիները կարաս դնես, իսկ իրանց մարդիկ իրանց ուզած տեղն էլ կանգնում են»:

Արզուքանն կարծում է , որ այս ամենի նպատակն այն է, որ ինքը շարունակի առաջվա պես վճարել իրենց:

Երևանի քաղաքապետարանի  տեղեկատվության վարչության գլխավոր մասնագետ Արթուր Սարուխանյանն «Անկախին» ասաց, որ ծաղկի առևտուրը կանոնակարգվում է  վերը նշված ՀՀ օրենքով, իսկ ծաղիկ կարելի է վաճառել ամենուրեք, եթե դա չի խոչընդոտում անցուդարձին: «Իսկ եթե փող են ուզել, գլուխները պատովն  են տվել»,- ասաց նա:

Արզուքանը՝ արտասուքն աչքերին պատմում է, որ ամբողջ ընտանիքով ապրում են ծաղկի առևտրով, գյուղում ջերմոց ունեն, որի համար վարկ են վերցրել և դեռևս չեն փակել: «Մենակ գազի վրա միլիոնից ավել փող կա, մինչև ամառ որ աշխատենք, չենք փակի,- ասում է նա,- իսկ մեծերը, մեր ծաղիկները թողած, հոլանդիաներից են ծաղիկ բերում»:

Գեղանիստ գյուղը հայտնի է ծաղիկների մասնագիտացած տեսակներով. այնտեղի ջերմոցներում աճում են բոլոր այն հոլանդական վարդերն ու կաննաները, որոնք Հայաստան են բերվում դրսից:  «Թող գան մեզնից առնեն, ինչի՞ են դրսից բերում,- վրդովվում է նա,- մեկ էլ իմանում ես, թե էսինչ մեծավորի տղու հարսանիքին սամալյոտով ծաղիկ են բերում Հոլանդիայից, նույն ծաղիկն ա, ի՞նչ տարբերություն»:

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply