Թիվ 19 դպրոցի տնօրենը սուրճի ապարատում հակամանկավարժական բան չի տեսնում

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 8, 2011 14:11

«Վա՞տ է, որ պայմաններ ենք ստեղծում դպրոցի համար: Ամեն մեկն էլ ուզում է, որ իր երեխան բարեկեցիկ դպրոցում սովորի»,- ասում է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրեն Հասմիկ Ղարիբյանը` անդրադառնալով դպրոցում օրերս  տեղադրված սուրճի ապարատին:

Դպրոցում տեղադրված ապարատի մասին «Անկախ»-ին ահազանգած ծնողը (երեխայի անվտանգության նկատառումներով ծնողի անունը չենք բացահայտում) պատմում է, որ առաջին օրը իր երեխան տուն է եկել ու գլուխ գովելով ասել, թե ապարատից ընկերներով սուրճ են խմել:  «Բացատրեցի, որ սուրճը վնասակար է օրգանիզմի համար, բայց ինչով վստահ լինեմ, որ գաղտնի չի խմի,-ասում է նա` հավելելով,- այսքան տարի զերծ եմ պահել այդ խթանիչներից, որ հիմա դպրոցում իրենց փողի համար երեխայիս օրգանիզմը փչացնե՞ն»:

Ղարիբյանը նշում է, որ սուրճի ապարատ տեղադրելու առաջարկն արել են հոգաբարձուների խորհրդի անդամները: Այդպիսով ցանկացել են օգնել դպրոցին. հավաքագրված գումարները պետք է դպրոցի բյուջեն համալրեին: Քանի որ դպրոցի բուֆետը վարձակալության է տրված և այնտեղ դնել չէին կարող, ուստի ապարատը տեղադրվել է միջանցքում, ապա ուսուցչանոցում:

Ղարիբյանն ասում է, որ դրանում հակամանկավարժական որևէ բան չի տեսնում և անհասկանալի է նաև ծնողների բացասական արձագանքը. ապարատը կարող էր տեղադրված լինել նաև բուֆետում կամ դրսում:

Տնօրենի խոսքով` աշակերտները պետք է օգտվեին տաք կակաոից, թեյից, իսկ սուրճը նախատեսված էր ուսուցիչների համար: Բացի այդ` «մասնաշենքում սովորում են բարձր դասարանի աշակերտներ միայն»:

Չնայած Ղարիբյանի համար ընկալելի չէ, թե ինչու են դժգոհում ծնողները, բացասական արձագանքներից հետո  սուրճի ապարատն արդեն իսկ դպրոցից հեռացրել են:

Դիտվել է 3307 անգամ:
Print Friendly

Leave a Reply