Ս.Սարգսյանը ներկա գտնվեց «Արարատ սննդի կոմբինատ»-ի բնական հյութերի եւ նեկտարների արտադրամասի բացմանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2011 14:06

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան այսօր ներկա գտնվեց «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի բնական հյութերի եւ նեկտարների արտադրամասի բացման հանդիսավոր արարողությանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի եւ «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Թարվերդյանի ուղեկցությամբ` նախագահը շրջեց արտադրամասում, ծանոթացավ դրա արտադրական հնարավորություններին եւ աշխատանքային պայմաններին:

Արտադրամասի շինմոնտաժային եւ սարքավորումների գործարկման աշխատանքներն ավարտվել են այս տարվա փետրվարին: Պայմանագիր է կնքվել հանրահայտ «Պետրապակ» ընկերության հետ բնական հյութերի եւ նեկտարների պատրաստման հոսքագծեր ձեռբերելու համար: Ընկերությունը հումք ձեռք բերելու նպատակով առաջին հերթին համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել տեղական մրգեր ու բանջարեղեն վերամշակող ընկերությունների հետ, այնուհետեւ` ոչ հայկական համակարգերի համար օտարերկրյա առաջնակարգ մի շարք ընկերությունների հետ: Արտադրամասի հիմնման նպատակով իրականացվել է 6,5 մլն եվրոյի ներդրում:

Ձեռքբերված ժամանակակից հոսքագծերի միջոցով հնարավոր կլինի 1 ժամում արտադրել շուրջ 7 հազար լիտր բնական հյութ, որն ի դեպ, լինելու է առանց շաքարավազի: «Մեր գլխավոր նպատակը եվրոպական չափանիշերին համապատասխան բարձրորակ հյութերի արտադրությունն է, միջազգային շուկայում մեր առաջնակարգ տեղը զբաղեցնելու համար»,- ասաց Ս.Թարվերդյանը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց նա, ծրագրի շրջանակում ստեղծվել է 60 աշխատատեղ, իսկ մոտ ապագայում անցնելով երկու հերթափոխային, իսկ այնուհետեւ` շուրջօրյա աշխատանքային ռեժիմի, աշխատատեղերի թիվն առնվազն կկրկնապատկվի:

Ըստ նրա` արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռքբերվել ԱՊՀ, եվրոպական երկրներ եւ ԱՄՆ բնական հյութերն արտահանելու վերաբերյալ: Ծրագրի երկրորդ փուլում այս տարի նախատեսվում է կազմակերպել նաեւ թեյի արտադրություն, այդ թվում` վերամշակում եւ փաթեթավորում: Արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել իտալական եւ գերմանական հայտնի ընկերությունների հետ` սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

«Հիմնական ուղղվածությունը լինելու է հայկական ավանդական համերի` ուրց, նանա, ալոճ, մասուրի համով թեյի արտադրությանը: Ընկերության հիմնական նպատակն է «Հայկական թեյ» բրենդ ստանալը»,- ասաց Ս.Թարվերդյանը: Ըստ նախնական ժամանակացույցի` ներդրումային ծրագիրը կավարտվի հոկտեմբերի կեսերին, իսկ նոյեմբեր ամսից կգործարկվի թեյի պատրաստման արտադրամասը: Այս նպատակով կներդրվի շուրջ 1,5 մլն եվրո: Նախնական հաշվարկով` գործարանում կստեղծվի եւս 25 աշխատատեղ, չհաշված թեյի եւ հատապտուղների մթերման ընթացքում գյուղական համայնքներում ներգրավված աշխատակիցներին:

Ս.Թարվերդյանի խոսքով` 2012թ. ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումներ նաեւ մրգերի եւ բանջարեղենի վերամշակման, մուրաբաների ու ջեմերի արտադրության ոլորտում: 2013 թվականից ընկերությունը ծրագրում է իրականացնել աշխատանքներ նաեւ սեփական այգիների ստեղծման ուղղությամբ: Ըստ Ս. Թարվերդյանի` այս ներդրումները հնարավորություն կընձեռեն առաջիկա տարիների ընթացքում ստեղծել 500-ից ավելի աշխատատեղ:

Դիտվել է 2779 անգամ:
Print Friendly

Leave a Reply