Եթե 1 ժամը մեկ չեք հեռանում համակարգչի դիմացից, ուրեմն` կարճատեսության վտանգի տակ եք

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 14, 2009 13:32

untitled7Ակնաբուժների խոսքով՝ ամեն երրորդ մարդու մոտ առկա է կարճատեսություն, որը շատ հաճախ ի հայտ է գալիս համակարգչի առաջ երկար անցկացնելուց: Ախտանիշերն են՝ ավազահատիկի, երկակիության, մրմուռի զգացողությունը, հեռու-մոտիկ տեսողության խախտումը: Արմեն Մարտիրոսյանն արդեն 15 տարի համակարգչի վրա է աշխատում եւ ամեն տարի զգում է, որ տեսողությունը վատանում է. «Գիտեմ, որ համակարգչից է, բայց դե իմ գործն էլ սա է: Մեկ-մեկ կաթիլներ եմ կաթեցնում, աչքերս հանգստանում են, բայց բժշկի չեմ դիմել, վախենում եմ պատասխանից»:

Ակնաբույժ, լազերային միկրովիրաբույժ Արաքսյա Առաքելյանի խոսքով` հիմա ավելի շատ հանդիպում է կարճատեսությունը` հատկապես երեխաների մոտ, քանի որ ավելացել են հեռուստացույց նայելու ժամերը` գումարած համակարգչից օգտվելը. «Համակարգչային «սինդրոմը հանդիպում է եւ մեծահասակների, եւ երեխաների մոտ: Այն արտահայտվում է աչքի չորությամբ, մշուշի, մրմուռի,երկակիության, հաճախ ավազահատիկի առկայության զգացողությամբ, դժվարանում է հեռու-մոտիկի կառավարումը»:

Բժիշկը նշում է, որ համակարգչի առաջ երկար աշխատելով՝ մարդիկ գլխացավեր են ունենում, ավելի նյարդային են դառնում: Առաքելյանը խորհուրդ է տալիս մինչեւ 6 տարեկան երեխաներին ընդհանրապես հեռու պահել համակարգչից, իսկ 6-10 տարեկանում թույլ տալ շաբաթական 2 անգամ` 15 րոպեից ոչ ավել, 14-16 տարեկանում օգտվել մեկ ժամից ոչ ավել: Հասուն տարիքում մեկ ժամ աշխատելուց հետո պետք է ընդմիջում անել եւ այդ ընթացքում վարժությունների կամ հատուկ կաթիլների միջոցով աչքի մկանը հանգստացնել:

Վարժությունները հիմնականում ուղղված են հեռու-մոտիկ մկանը կարգավորելու համար. սկզբում մի քանի անգամ նայել աջ, ձախ, վերեւ, ներքեւ: Հետո մի քանի անգամ պինդ սեղմել աչքերը, այնուհետեւ 1 րոպե նայել հեռու մի ֆիքսված կետի, հետո էլի 1 րոպե` 30 սմ հեռավորության վրա գտնվող ֆիքսված կետի: Սառը կամ տաք ջրով լվացվելը նույնպես շատ արդյունավետ կլինի:

Ակնաբույժը համոզված է, որ այս վարժություններից հետո յուրաքանաչյուր համակարգչից օգտվող կարող է լիարժեք անցնել իր աշխատանքին. «բայց եթե 2 ժամ չընդմիջեն, էլ ոչ մի վարժություն չի օգնի»: Կարեւոր է նաեւ համակարգչի էկրանի որակը եւ աշխատանքային տեղը. տվյալ տարածք լույսի շող, ստվերներ չպետք է ընկնեն, քանի որ դրանք էլ ավելորդ լարվածության պատճառ են դառնում:

Դիտվել է 2275 անգամ:
Print Friendly

Leave a Reply