«Փարվանա» ռեստորանում բռնկված հրդեհը մարելիս խոչընդոտել են լրագրողների աշխատանքը (վիդեո, ֆոտոռեպորտաժ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 8, 2011 9:00
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանի հրդեհը տեւել է շուրջ երկու ժամ եւ մարվել ժամը 20:00-ին:(ֆոտոռեպորտաժ)
Հրդեհը բռնկվել է ապրիլի 7-ին ժամը 18:01-ին: Արդեն 3 րոպե անց Երեւանի թիվ մեկ հրշեջ փրկարարական ջոկատի առաջին ստորաբաժանումները հասել են դեպքի վայր: Հրդեհը տեղայնացվել է ժամը 19:33-ին, մարվել` 19:58-ին:
Ընդհանուր առմամբ, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են եղել 8 հրշեջ մեքենա, 2 ավտոսանդուղք եւ Երեւանի քաղաքապետարանի 4 ջրատար:
Այրել է «Փարվանա» ռեստորանի շերտավոր տանիքը` 2 հազար քմ տարածքով, իսկ շինության ներսում ջերմահարվել` հալվել եւ թափվել է պլաստիկե առաստաղը` 1000 քմ տարածքով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհն այնքան ուժեղ է եղել, որ թանձր ծուխը երեւում էր քաղաքի տարբեր հատվածներից:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է փրկարար ուժերի վարչության պետ, գեներալ-մայոր Վաչիկ Նիկողոսյանը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաեւ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության աշխատակիցները` վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:
Նշենք, որ «Փարվանա» ռեստորանը պատկանում է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Ի դեպ, հրդեհի վայրում նկարահանման աշխատանքներ կատարելիս, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ազգականներից Երեւանի Ավագանու անդամ Արթուր անունով երիտասարդը «Փարվանայի» մի քանի աշխատակցուհիների հրահրեց, որպեսզի նրանք խոչընդոտեին լրագրողների աշխատանքը եւ խլեին նրանց ապարատները: Ավագանու անդամի ուղարկած երկու կանայք պլաստմասե շշով եւ քարով սկսեցին հարվածել լրագրողներին, իսկ նրանցից մեկը հարձակվեց «Ֆոտոլուր» գործակալության լրագրող Տիգրան Թադեւոսյանի վրա եւ փորձում էր խլել ապարատը:






Facebook
Tweet This
Email This Post
