Կարևորը բանաններն են, ոչ թե ուսումնական ծրագիրը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 13, 2011 15:16

Փոքրիկ Հասմիկը (անունը փոխված է) դեռ դպրոց չի հաճախում, փոխարենը գնում է մասնավոր քոլեջ: Ասում է, որ այնտեղ շատ բան են սովորում՝ անգլերեն, ռուսերեն, նկարչություն և այլն: Հետո շատ պատկերավոր պատմում է, թե ինչպես են իր ընկերներից ոմանք մատը մտցնում քթի մեջ, հանում «բոբոները». «Վահեն  քսում ա շորերին, Յանան՝ հանում-շպրտում ա, իսկ Հայկոն…ուտում ա…»:

Սովորեցնո՞ւմ են քոլեջում վարվեցողության կանոններ, թե՞ շեշտը դրված է միայն օտար լեզուների իմացության վրա, ամեն դեպքում նրա մայրիկը գոհ է այդ քոլեջից, քանի որ մինչ դստերն այդ մանկապարտեզ տանելը, որդու հետ է բազում մանկապարտեզների ու քոլեջների դռներից ներս մտել ու հիասթափված դուրս եկել. այնպես որ այդ ոլորտում մեծ փորձ ունի: «Սկզբում չէի էլ մտածում մասնավոր մանկապարտեզի մասին,- ասում է նա,- երբ որդիս փոքր էր, ասացին, թե մի շատ լավ պետական, հին մանկապարտեզ կա՝ գեղեցիկ բակով, իր ավանդույթներով, իսկ վճարն ընդամենը 5000 դրամ է: Մտածեցի՝ այդտեղ էլ տղայիս կտանեմ: Բայց հենց առաջին օրվանից «զգուշացրին», որ 5000 դրամ էլ պետք է դաստիարակչուհուն տամ՝ երեխային «լավ նայելու համար»:

Մի ամիս սահմանված գումարը դաստիարակչուհուն տալուց հետո նա հասկանում է, որ դա անիմսատ է, քանի որ միևնույնն է՝ դաստիարակչուհին բոլոր երեխաներին էլ նույն «աչքով է նայում»: Որոշում է այլևս ավելորդ գումար չտալ. «Տղաս այլևս չուզեց մանկապարտեզ գնալ, լացում էր, մի կերպ էի տանում,- պատմում է նա,- զգում էի, որ ինչ-որ բան այն չէ»:

Մի հերթական օր էլ, երբ գնում են մանկապարտեզ, երեխան մտնում է սենյակ ու չի բարևում դաստիարակչուհուն: Չնկատելով հետևից ներս մտնող մորը՝ դաստիարակչուհին կոշտ տոնով երեխային ասում է. «Բարև, հորդ նման ես, չես բարևում, հերդ էլ չի բարևում…»: «Եթե անգամ իմ ամուսինը լավ դաստիարակված չէ, կամ ես եմ թերացել իմ երեխային դաստիարակելու հարցում, չէ՞ որ երեխային տանում են մանկապարտեզ, որ այնտեղ նրան հղկեն»,-ասում է մայրը:

Պատմում է նաև, որ այդ ընթացքում ամուսնուն տնօրեն էին նշանակել, հետն էլ՝ մի թանկարժեք մեքենա տվել. դա իսկական գլխացավանք էր դարձել երեխայի համար. «Այդ մեքենայից, որ տեսել էին, ավելի էին բորբոքվել: Դե արի ու բացատրի, որ դա ընդամենը պետական մեքենա է, որը մի քանի ամիս հետո արդեն չկար»,-ծիծաղելով հիշում է մայրը:

Հասկանալով, որ երեխայի նկատմամբ լավ վերաբերմունքը կախված է միայն գումարի չափից, նա որդուն հանում է այդ մանկապարտեզից և տեղափոխում մասնավոր քոլեջ:

Բայց հիմա էլ պետք է դռնեդուռ ընկներ. պատմում է, որ նախապես որոշել էր որդուն տանել մի մասնավոր քոլեջ, որի վարձավճարը շատ բարձր էր, և որտեղ հաճախում էին էլիտար խավի ներկայացուցիչների երեխաները:

Երեխային այդ մանկապարտեզ տանելու որոշումը վերոնշյալ հանգամանքներով չէր պայմանավորած: Պարզապես մանկապարտեզը գտնվում էր նրա աշխատավայրի կողքին և այդ առումով շատ հարմար էր: «Սակայն մի քանի րոպե տնօրենի հետ զրուցելուց հետո հասկացա, որ ոչ մի վայրկյան երեխայիս այնտեղ չեմ թողնի,- ասում է նա,- ես անընդհատ տնօրենին հարցնում էի, թե երեխայի զարգացմանն ուղղված ի՞նչ ծրագրեր ունեն, նա անդադար խոսում էր բանանների մասին, որ տալիս են երեխաներին: էլի եմ հարցնում կրթական ծրագրերի մասին, նա շարունակում է ներկայացնել  իրենց լողավազանը ու պատմում, որ տոնական օրերին մանկապարտեզի երեխաների համար կազմակերպվում են հատուկ միջոցառումներ շքեղ ռեստորաններում, որոնք նկարահանվում են ու ցուցադրվում հեռուստատեսությամբ»:

Իսկ վերջում, երբ երբ ծնողը հարցնում է ժամերի մասին, տնօրենը խիստ տոնով զգուշացնում է. «Ժամերը 9-ից 6-ն է, բայց եթե հանկարծ թեկուզ 10 րոպե ուշանաք` ես ձեր երեխային դուրս կդնեմ»: «Դե արի ու երկուսուկես տարեկան երեխուդ հանձնիր էդ տնօրենին, հո ես գիժ չե՞մ,-ասում է նա,- ինչ վերաբերում է բանաններին, ապա դա ես էլ կարող եմ գնել. ինձ պետք է, որ մանկապարտեզում երեխայիս կրթեն ու դաստիարակեն»:

Բայց արի ու տես, որ այդ մանկապարտեզը շատ հաճախորդներ ունի, այն էլ ինչպիսի՜ հաճախորդներ՝ էլիտար: «Մի տարի՝ դեկտեմբերի 30-ին, գեղեցկության սրահներից մեկում տեսա պետական մի բարձրաստիճան պաշտոնյայի՝ թոռների հետ միասին,-պատմում է նա,- նրա թոռները նույնպես այդ մանկապարտեզն էին հաճախում և, հավանաբար, եկել էին մանկապարտեզի` շքեղ ռեստորանում անցկացվող տոնական միջոցառման համար շքեղ սանրվածք անելու»:

Այժմ զրուցակցիս որդին հաճախում է Չեխովի դպրոց. ամեն ինչ լավ է ուսումնական առումով, բայց. «Այս տարի առայժմ հանգիստ է, իսկ անցյալ տարի կատաստրոֆա էր,- ասում է մայրը,- ես պատրաստ էի անգամ երեխայիս հանել այդ դպրոցից: Եթե այդ գումարն իսկապես անհրաժեշտ է դպրոցի զարգացմանը, եթե դա թափանցիկ է` պատրաստ եմ վճարել, բայց եթե դա ինչ-որ մեկին նվեր առնելու համար է, կներեք, բայց ես պատրաստ չեմ այդ գումարը տալ»:

Դրամահավաքությունը դպրոցում ասիական ավելորդ սովորույթ և անիմաստ ընծայապաշտություն համարող ծնողը կարծում է, որ նվերը պետք է լինի խորհրդանշական, բայց ոչ՝ պարտադիր ու թանկարժեք. «Չէ՞ որ արդեն XXI դարն է, անհրաժեշտ է ավելի պրոգրեսիվ լինել»,-ասում է նա:

Նա այն համոզման է, որ Չեխովի դպրոցում այդ սովորույթը ներդրել ու «ծաղկացնում են» հենց ծնողները. որոշ ծնողներ իրենց վրա են վերցրել այդ հույժ կարևոր ու պատասխանատու «գործը». «Ծնողներ կան, ովքեր ուսուցիչների հետ կապի մեջ են, գիտեն, թե նրանց համար ինչ պետք է գնեն ու ինչ գնով,- ասում է նա,- իսկ քեզ մնում է միայն գումարը տալ ու չխառնվել այդ առուծախին: Իսկ չտալ չես կարող, քանի որ երեխադ կհայտնվի սպիտակ ագռավի կարգավիճակում: Նրա նկատմամբ վերաբերմունքը կփոխվի, և նա կսկսի իրեն լավ չզգալ, լավ չսովորել և, ի վերջո, չի ուզենա գնալ դպրոց»:

Պատմում է, որ անգամ դպրոցական արձակուրդի ժամանակ իրենց հանգիստ չեն թողնում. «Անցյալ տարի ամռանը դպրոցից զանգեցին և հայտնեցին, որ արագ պետք է գումար տանեմ վերանորոգման աշխատանքների համար,- պատմում է նա,- սկզբում ասացին՝ ինչքան ցանկանում եք, հետո ավելացրին, թե 5000 դրամից է սկսվում. այսինքն՝ ինչքան շատ, էնքան քո պատիվն է: Ես չտարա այդ գումարը, քանի որ մի քանի օրից պետք է մեկնեինք  հանգստանալու և շատ ծախսեր ունեինք»:

Սեպտեմբեր ամսին նրա երեխայի դասարանը «գցել են» երկրորդ հերթ ու տեղափոխել չվերանորոգված մասնաշենք. ծնողը ենթադրում է, որ դասարանին «պատժել են՝ առաջադրանքը լավ չկատարելու համար»: Սակայն  ավելի շատ զայրացել է, երբ պատահաբար պարզել է, թե ինչի վրա է ծախսվել անցյալ տարի հավաքած գումարներից մեկը. ոչ ավելի, ոչ պակաս, գումարը տրամադրվել է դպրոցի տնօրենի որդու նշանդրեքի, թե` հարսանիքի կապակցությամբ նվեր գնելուն: «Իմ երեխան փոքր է և շատ բաներ դեռ չի հասկանում,- ասում է  նա,- բայց չէ՞ որ երբ մեծանա, այդ ամենը կզգա: Եվ որքան էլ որ գոհ եմ դպրոցի տված գիտելիքներից, չեմ ուզենա, որ երեխաս այդ մթնոլորտում սովորի: Տարրական դպրոցն ավարտելուց հետո նրան կտեղափոխեմ մասնավոր դպրոց: Միևնույն է, նույն գումարն է նստում, բայց գիտես, որ այնտեղ դա օրինաչափ է»:

Դիտվել է 2857 անգամ:
Print Friendly

Leave a Reply