Մտավորականներն ուզում են իրենց ձայնը լսելի դարձնել. ինքնամաքրման ժամանակն է

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 8, 2011 6:09

Մի քանի օր առաջ Հայ մտավորականների ֆորումը, որը զորակցում էր Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին, բաց նամակ է հրապարակել` ուղղված իշխանություններին ու երկրի քաղաքացիներին, որում առաջարկում է վերցնել Րաֆֆի Հովհաննիսյանի նետած ձեռնոցը և  այս ձևով պայքարել. «Եթե միանանք` կմասնակցենք ինքնամաքրմանը: Ասում ենք` մարդ, դու ձեռնոց ես նետել, մենք վերցնում ենք այն: Դու գնա, մենք մնում ենք»: Նամակում առաջարկվում է անցկացնել մեկօրյա հրապարակային ծոմապահություն և լռության ուխտ, որին ամեն օր պետք է մասնակցի երեք մարդ` գրող, ուսուցիչ, առևտրական, ծառայող, նախարար, «պետ», դատավոր, ոստիկան, դիվանագետ, գիտնական, պատգամավոր, բժիշկ և այլն: Սակայն հետո ընտրվեց լուռ նստացուցային ձևաչափը: Ապրիլի 2-ին  Ազատության հրապարակում նստացույց արեցին «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և գիտնական Անահիտ Տոնոյանը։ Նրանց բողոքն ուղղված էր երկրի «հասարակական բարոյականության արժեզրկման» դեմ:

Նստացույց անողները բարձրաձայնում են իրենց մտահոգող խնդիրները: Ապրիլի 5-ին հերթը բնապահպաններինն էր: Ազատության հրապարակում էին Կարինե Դանիելյանը, Սիլվա Ադամյանը, Ինգա Զարաֆյանը: Տեղի ունեցավ նրանց ոչ այնքան լուռ ակցիան. բնապահպաններին էին միացել նաև բնապահպանական խնդիրները կարևորող այլ մարդիկ:

Ըստ Կարինե Դանիելյանի` այս ակցիան բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնելու ևս մեկ հնարավորություն է, հենց այդ պատճառով էլ իրենք արձագանքել են կոչին: Նա ներկայացնում է իրենց անհանգստացնող խնդիրները. «Ցավում ենք, բայց իրոք ընդհանուր քաղաքականությունն այնպես է դրվում, որ երկրի տնտեսական ամբողջ բեռն ընկած է բնական ռեսուրսների և դրանց ոչ ռացիոնալ օգտագորման վրա: Երկրին այդպես ծածկվում է խոցերով. դրանք և՛ բաց հանքերն են, և՛ թափոնակույտերը, և՛ պոչամբարները… Մենք բազմիցս բողոքել ենք նաև քաղաքաշինությունից, որ իրականցվել է Երևանում, իսկ հիմա տարածվում է ամբողջ Հայաստանով. այն իր ամբողջ էությամբ հակաէկոլոգիական է, հակասոցիալական: Մեր քաղաքներում ոչնչանում են կանաչ տարածքները, պատմամշակութային շերտերը»:

Կարինե Դանիելյանն  իրենց ակցիան անվանեց «քաղաքացիական-էկոլոգիական», սակայն, ըստ նրա, ամեն ինչ փոխկապակցված է. «Երեկ, որ այստեղ նստած էին շատ հայտնի տիկնայք հենց բարոյական խնդիրների շուրջ, պատահական չէ, ամեն ինչ բարոյականությունից է գալիս, երբ բարոյական բարքերը կորցնում ենք, արդյունքում ունենում ենք միայն հարստանալու, կողոպտելու, իրարից մի պատառ կորզելու խնդիր: Այդ մոտեցումն է հիմա իշխում, որին դեմ ենք»:

Նրանք ուզում են, որ իրենց ձայնը լսելի լինի ինչպես իշխանություններին, այնպես էլ ժողովրդին, և պատահական չէ, որ նստացույցն իրականացվում է հենց Ազատության հրապարակում: Այս հրապարակում մենք 1988-ին այնպիսի ինքնամաքրման, միավորման  ճանապարհ անցանք, որի արդյունքում հաղթանակներ ունեցանք թե՛ Արցախում, թե՛ անկախության հարցում, հիմա այս բարոյական պատկերով կարող ենք շատ կուրուստներ ունենալ, ու նորից այդ հրապարակից պետք է մեր ինքնամաքրումը սկսվի», -ասում է նա:

Մեր այն դիտարկմանը, թե ինչու են նստացույցի դուրս գալիս միայն կին մտավորականներ, Կարինե Դանիելյանն արձագանքեց. «Տղամարդիկ բիզնեսով են զբաղված, մենք էլ մտածում ենք բարոյականության մասին, շրջակա միջավայրի մասին: Կա կենսաբանական մի իրողություն. եթե պոպուլյացիան վտանգված է, առաջին հերթին դուրս են գալիս արուները, ներսում հավաքվում են ձագերը, էգերը, ծերերը, իսկ երբ արուները տանուլ են տալիս պայքարը, նրանք հետ են քաշվում, դուրս են գալիս էգերը, և էգերի պայքարը շատ ավելի դաժան է: Փորձը ցույց տվեց, որ տղամարդիկ լավ չեն ղեկավարում, և միգուցե իրոք կանանց ժամանակն է եկել, ընթացքը ցույց կտա»:

Բնապահպանի խոսքերով` նստացույցերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ կլինեն մարդիկ, ովքեր այդ հրապարակում ասելիք կունենան: Ըստ մտավորականների ֆորումի նամակի`  «հանգրվանն ինքնիրեն կերևա»:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply