Ինչքանո՞վ է հավաստի հայկական դասաժամերի վերականգնումը Ջավախքում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 9, 2011 6:01

Անցյալ շաբաթ  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Վրաստանից վերադառնալով՝ ամփոփեց այցի արդյունքներն ու հայտարարեց, որ հայկական դպրոցներում ավելանալու են հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության դասաժամերը:

Անցած տարի Վրաստանում կրճատվել էին հայոց լեզվի դասաժամերը` շաբաթական  7-8 ժամից դառնալով 5 ժամ: Նախարարը, հանդիպելով իր վրացի գործընկեր Դմիտրի Շաշկինի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել` վերականգնելու հին ժամաքանակը:

Ջավախքում ապրում է մոտ 150 հազար հայ:

Այս իրադարձությունը Ջավախքի և Հայաստանի քաղաքական գործիչները մեկնաբանում են տարբեր տեսանկյուններից:

«Ջավախքն այսօր Հայաստանի ու Վրաստանի համար դարձել է գործիք, մինչդեռ այն պետք է լինի գործոն, որը կնպաստի երկու երկրների մերձեցմանը»,- լրագրողներին  ասաց «Սամցխե-Ջավախք» հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը:

Նրա կարծիքով` իրավիճակն այսօր Ջավախքում բարդ է բոլոր առումներով. «Ջավախքի դպրոցների վրա ճնշումներն ու վախի մթնոլորտն այն աստիճանի են հասել, որ չեմ կարծում, թե մի դպրոցում այսուհետ հայ ժողովրդի պատմություն դասավանդվի»: Միաժամանակ Գաբրիելյանը կարծում է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունենան, կարող են ինչ-որ հարցեր լուծել. «Այսօր իրականացվող վրացականացման քաղաքականության դեպքում հայերի թիվը Ջավախքում կտրուկ կնվազի»:

«Լեռնաշխարհ» միության նախագահ Վալերի Արաբյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է  լրջորեն զբաղվեն Ջավախքի խնդիրներով ու Վրաստանի իշխանություններին պահանջեր ներկայացնեն:  Նա ասում է, որ Վրաստանի որևէ կառավարություն չի կարող ջնջել Ջավախքը աշխարհի երեսից,  սակայն, ցավոք սրտի,  Ջավախքի թեման  շոշափվում է միայն ընտրությունների նախաշեմին՝ քաղաքական շահաբաժին ունենալու համար։ «Եթե մեր իշխանությունները ցանկություն ունենան, որոշ հարցեր լուծում կստանան։ Մինչդեռ այսօր պարտվողական և զիջողական քաղաքականություն է վարվում,- ասում է նա,-  Ջավախքը պետք է կամուրջ լինի հարաբերությունների կարգավորման համար»:

Երկու գործիչներն էլ ասում են, որ Վրաստանում ադրբեջանցիների դրությունը նույնպես նախանձելի չէ: «Եթե Ջավախքի դպրոցի տնօրենը, ասենք, հայ է, ապա ադրբեջանական դպրոցինն արդեն վրացի է,- ասում է Գաբրիելյանը,- կոպիտ հաշվարկով` ադրբեջանցիները մեզանից մի քայլ հետ են»:

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանն «Անկախին» ասաց, որ բարձր է գնահատում ԿԳ նախարարի այս քայլը, որ փորձում է հարցին ինչ-որ լուծումներ տալ, սակայն խիստ թերահավատորեն է վերաբերվում վրացական կողմի խոստմանը. «Հայերենի դասաժամերի կրճատումը կապված է իրականացվող վրացականացման կոշտ քաղաքականության հետ, որն ընթանում է բռնի մեթոդներով ազգային գիտակցության ուրացմանը զուգահեռ»:

Սարգսյանն ասում է, որ  Վրաստանի իշխանությունների գործողություններն էլ ավելի են հեշտացնում այն, որ Ջավախքի ժողովուրդը շատ պասիվ է և չի ընդվզում իր նկատմամբ խտրականության դեմ.  «Երբ անցյալ տարի դասաժամերը կրճատվեցին, ջավախահայությունը հանդես եկավ ընդամենը մի քանի հայտարարությամբ, և դրանով գործը սահմանափակվեց»:

Փորձագետի կարծիքով` սա հերթական խոստումներից մեկն է, որի վերջը հայտնի չէ, թե ինչ է լինելու. «Մենք շատ դառը փորձ ունենք  վրացիների հետ շփման հարցում, օրինակները բազմաթիվ են, հենց թեկուզ սուրբ Նորաշենի հարցը, որտեղ նախագահի մակարդակով խոստում էր տրված»:

1994-ից պարբերաբար փորձեր են արվում վրացականացնելու Թիֆլիսի սուրբ  Նորաշեն եկեղեցին. ոչնչացվում են հայկական արձանագրությունները, որմնանկարները, խաչքարերը:  2008 թ. վարչապետ Տիգրան Սարգսյանի Թիֆլիս կատարած այցի ժամանակ Սահակաշվիլին խոստացել էր, որ այդ հարցը լուծվելու է, սակայն ոչինչ էլ չարվեց: Սարգսյանն ասում է, որ կարծես թե դպրոցներում լեզվի ընդհանուր դասաժամերն են ավելանում, և տոկոսային հաշվարկով կավելանան նաև  հայերենի դասաժամերը. «Հետո էլ կասեն,  թե տեսաք` լուծեցինք էդ հարցը, իսկ խնդիրները լուծելու համար այլ ճանապարհներ պետք է գտնել»:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply