Տեղի կունենա հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 7, 2011 13:22
Այսօր Երևանում` Արմենիա-Մարիոթ հյուրանոցում, տեղի կունենա հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը:
Հանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, չինական կողմից` ՉԺՀ առևտրի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սուն Իյունֆուն:
Միջոցառմանը կմասնակցեն ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունը:
Նիստի ընթացքում կողմերը կներկայացնեն երկու երկրների տնտեսական իրավիճակը, կքննարկեն հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր, մասնավորապես` երկկողմ առևտրում ապրանքատեսակների բազմազանության ավելացման և դրանց որակի բարձրացման խնդիրները, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնման, հայկական և չինական ձեռնարկությունների միջև կապերի ամրապնդման, համատեղ գործարար համաժողովների, ցուցահանդեսների, տոնավաճառների կազմակերպման հնարավորությունները, այլ խնդիրներ:
Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի ՉԺՀ պատվիրակությանը կընդունեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հայաստան այցի շրջանակներում ՉԺՀ պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդ, կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, կծանոթանա Հայաստանի պատմամշակութային արժեքներին:
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև «Ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 1992թ.-ի հուլիսի 4-ին, վավերացվել 1992թ.-ի հոկտեմբերի 6-ին և ուժի մեջ մտել 1993թ.-ի մարտի 17-ին:
1991-2011թթ. ընկած ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան կատարված ընդհանուր ներդրումները կազմել են 1 326.8 հազ. ԱՄՆ դոլար, իսկ ուղղակի ներդրումները` 1 312.2 հազ. ԱՄՆ դոլար:
2011թ. հունվարի 1-ի դրությամբ Չինաստանից Հայաստան կատարված ընդհանուր ներդրումները կազմել են 2.7 հազ. ԱՄՆ դոլար, իսկ ուղղակի ներդրումները` 2.7 հազ. ԱՄՆ դոլար:
Հայաստանի Հանրապետությունում 01.01.2011թ.-ի դրությամբ գրանցված են չինական կապիտալի մասնակցությամբ 41 ձեռնարկություններ:
Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը վերջին 3 տարիների ընթացքում ավելացել է մոտ 2 անգամ:
2010թ.-ին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է
436.7 մլն ԱՄՆ դոլլար և 2009 թ.-ի համեմատ ավելացել 44.4 %-ով, այդ թվում Հայաստանից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է 73.6 %-ով և կազմել 30.9 մլն ԱՄՆ դոլլար, իսկ ներմուծումը` 42.6 %-ով և կազմել 405.8 մլն ԱՄՆ դոլլար:






Facebook
Tweet This
Email This Post
