Տիգրան Սարգսյան. «Կարճ ժամանակում պետք է հասնենք լավ արդյունքների»
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | April 7, 2011 13:16
Այսօր Կառավարության նիստը սկսելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել, որում անդրադարձել է պետական ծառայությունների որակին:
Նա մասնավորապես նշել է, որ «Պարտավոր ենք օպերատիվ միջոցառումներ իրականացնել, որպեսզի ծառայությունների որակը լինի բարձր, և կոռուպցիոն ռիսկերը հասցնենք նվազագույնի։ Առաջին այդպիսի քայլն արել ենք` փորձելով կանոնակարգել տեխնիկական զննման գործընթացը և կարծում եմ, պարոն Վարդանյան, անհրաժեշտություն կա ավելի լայն լուսաբանել կառավարության այս որոշումը, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, որ այս որոշման արդյունքում այն 5000 դրամ շորթումը, որ տեղի էր ունենում, այլևս չպետք է տեղի ունենա։ Դրա համար մենք վերացրել ենք բոլոր հիմքերը, որովհետև կառավարության որոշումով այսուհետև տեխնիկական զննում իրականացնող կազմակերպություններն իրենք պետք է շահագրգռված լինեն բարձր որակի ծառայություն մատուցել, որպեսզի քաղաքացիներն ընտրեն հենց իրենց ծառայությունը։ Սա առաջին քայլն էր, որ մենք ձեզ հետ միասին արել ենք։
Հաջորդ քայլերը նվիրված են լինելու Հանրապետության նախագահի կողմից ոստիկանության հետ հանդիպման ժամանակ բարձրացրած խնդիրներին, որովհետև ոստիկանության կողմից տրամադրվող ծառայությունների որակը նույնպես պետք է բարձրացվի։ Մասնավորապես, Հանրապետության Նախագահի հանձնարարականով մենք մոտակա շաբաթների ընթացքում ձեզ հետ միասին անդրադառնալու ենք մեքենաների գրանցման և վարորդական իրավունքների տրամադրման գործընթացներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր, և պարտավոր ենք այստեղ թափանցիկություն ապահովել, և պետական այն գործառույթները, որոնք այդ կոռուպցիոն ռիսկերն ստեղծում են, պետք է վերացնենք։
Հաջորդ մեր քայլը նվիրված է լինելու կադաստրի աշխատանքներին, որտեղից նույնպես գալիս են դժգոհություններ, ինչպես նաև ՔԿԱԳ-երի աշխատանքներին. քաղաքացիները նույնպես դժգոհում են, որ այդտեղ կան լուրջ կոռուպցիոն ռիսկեր։
Մենք ձեզ հետ միասին անդրադարձել ենք անձնագրերի տրամադրման գործառույթներին, որտեղ առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Մեր վերջին մոնիտորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ այսօր կոռուպցիան այդ բնագավառում իսպառ բացակայում է։ Նշանակում է` երբ կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունում, կարգերը պարզեցնում է, դարձնում է թափանցիկ, մենք կարողանում ենք հասնել հաջողության, և իմ կողմից թվարկված ոլորտներում նույնպես մենք կարճ ժամանակահատվածում պետք է հասնենք նույն արդյունքներին, ինչին մենք հասանք անձնագրերի տրամադրման գործընթացը կանոնակարգելու պարագայում»։






Facebook
Tweet This
Email This Post
