Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայ կանանց միջազգային միության անդամներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 7, 2011 12:43
Ս. Աստվածածնի տոնի նախօրեին` ապրիլի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած Հայ կանանց միջազգային միության անդամներին:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Սփյուռքի նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է միության նպատակը եւ գործունեությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել միության անդամներին եւ շնորհավորել նրանց առաջիկա տոնի առիթով` մաղթելով, որ հայ կինն իր լուսավոր կերպարով ու հոգու ջերմությամբ ամենուրեք գեղեցկացնի հայ կյանքը:
«Փառապանծ կերպար է կերտել հայ կինը պատմության մեջ իր արիությամբ, նվիրումով եւ հավատարմությամբ ազգային-հոգեւոր արժեքներին: Ուրախ ենք, որ այսօր եւս նույն դերակատարությունը փառքով ու պատվով տանում է հայ կինը թե՛ Հայրենիքում եւ թե՛ Սփյուռքում», – նշել է Նորին Սրբությունը: Անդրադառնալով Ավետման եւ Մայրության տոների խորհրդին` Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ դրանք արտահայտությունն են այն ջերմ զգացումների եւ գիտակցության, որ հայ մարդն ունի հայ կնոջ հանդեպ, նրա կարեւոր առաքելությանն ազգային կյանքում:
Նորին Սրբությունը խոսել է նաեւ եկեղեցի-ընտանիք կարեւոր կապի մասին` նշելով, որ Եկեղեցու, հոգեւոր արժեքների հանդեպ ընտանիքի կնոջ եւ մոր կեցվածքով է մեծապես պայմանավորվում հասարակության մեջ բարեփոխումները դեպի բարին, աստվածօրհնյալ եւ աստվածահաճո կյանքը: Միության անդամներն իրենց հերթին կարեւորել են Եկեղեցու կարեւոր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության գործում, պատրաստակամություն հայտնել զորակցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տարբեր ծրագրերում: Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է միության անդամների հարցերին:






Facebook
Tweet This
Email This Post
