«Հայերի հետքերը Բրազիլիայում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 7, 2011 2:10

Այս տարի ՀՀ սփյուռքի նախարարությունը նախատեսում է իրականացնել «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով միջոցառումների շարք, որի շրջանակներում կհրատարակվի գիրք, տեղի կունենան մի շարք համերգներ ու ցուցահանդեսներ, տեղեկացնում է նախարարության Ամերիկայի հայ համայնքների վարչությունը:

Բրազիլիայում ապրող հայերի պատմությունը ներկայացնող ցուցահանդեսն ամենայն հավանականությամբ կբացվի այս տարվա սեպտեմբերի յոթին` Բրազիլիայի անկախության օրը եւ կտեւի մինչեւ Հայաստանի անկախության տոնը` սեպտեմբերի քսանմեկը: Միջոցառումներին կմասնակցեն նաեւ բրազիլահայ հայտնի դերասանուհի Արաքսի Բալաբանյանը եւ լուսանկարիչ Մանուկ Փոլադյանը:

Բրազիլիայում հայերի ներգաղթի եւ ինտեգրման մասին պրոֆեսոր Հակոբ Քեշիշյանի հեղինակած գիրքը լույս կտեսնի երեք լեզուներով` հայերեն, անգլերեն եւ պորտուգալերեն:  Գրքի տպագրության ծախսերը` երկու մլն. Դրամ, կհոգա ՀՀ սփյուռքի նախարարությունը:

«Հայերի հետքերը Բրազիլիայում» ծրագրի շրջանակներում տեղի կունենան նաեւ մի շարք դասական համերգներ` բրազիլահայ անվանի երաժիշտների եւ Հայաստանի նվագախմբերի մասնակցությամբ: Հայկական համերգասրահներում մասնավորապես կհյուրընկալվեն բրազիլական երաժշտասեր հանրությանը քաջ հայտնի, ծագումով հայ երաժիշտներ Ժոան Կույումջյանը, Սոլանժ Մերդինյանը, Գոհար Վարդանյանը եւ այլք:

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply