Երաժշտական դպրոցի բացում Վրաստանի Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում ՀՀ Սփյուռքի նախարարության օգնությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2011 23:41

Տուրցխ գյուղի «Արեգ» արվեստի բարեգործական միությունը գործում է վաղուց և իր ծրագրերում նախատեսել էր բացել արվեստի դպրոց, սակայն իրականացնել ծրագիրը չէր հաջողվում երաժշտական գործիքներ չունենալու և մի շարք այլ պատճառներով:
Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը Տուրցխ գյուղին նվիրեց երաժշտական գործիքներ` դուդուկ, շվի, զուռնա, դհոլ և «Յամահա» մակնիշի սինթեզատոր: Դպրոցը երաժշտական գործիքներով համալրելուց հետո, անցկացվում են առաջին երաժշտական դասարանի քսան աշակերտի նախնական լսումներ, իսկ հիմնական դասընթացները կսկսվեն Ապրիլի 7-ից: Կրթօջախի հանդիսավոր բացումը կլինի ավելի ուշ, որովհետև նախատեսվում է դպրոցում բացել դասարաններ մի շարք մասնագիտությունների գծով` գեղանկարչություն, քանդակագործություն, համակարգչային դիզայն և այլն:

Առանձին նամակով ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին իր սրտի շնորհակալական խոսքն է ուղղել Ջավախքի հայտնի բանաստեղծ Գուրի Եթերը` «Ի խորոց սրտի` իմ օրհնությունն ու շնորհավորանքն եմ հղում Ձեզ` հայ կանանց մեկամսյա տոնի առթիվ: Տոն, որի սկիզբը աշխարհիկ է` Մարտի 8, իսկ վերջը` հոգևոր…: Այդ ամենի մեջ մեծ խորհուրդ կա, ինչը հասու է Ձեզ: Դուք Ձեր ներդրումն ունեք այդ երկու տոների միավորելու գործում: Թո`ղ այդ անձնականի և անանձնականի միջանցքում գտնվող միամսյա խորհրդի բացահայտումը` երջանկացնող զվարթություն պարգևի Ձեզ, թո`ղ Ձեզնից բխող լույսը անսպառ լինի հանուն հայ ցեղի կնոջ մայրության ու գեղեցկության:

… Երանի Ձեզ, որ կարողանում եք օգտակար լինել մարդկանց.
… Երանի նրանց, որ կարողանում են գնահատել Ձեզ և Ձեր ջանքերը:
… Երանի ինձ, որ հայոց Սանդուխտի նմա քույրեր ունեմ»:

Դիտվել է 1634 անգամ:
Print Friendly

Leave a Reply