Ոչ մեկի հետ չենք կարող համագործակցել այն բանի շուրջ, թե ով է լինելու ազգի պապան կամ պապին. Վահան Հովհաննիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 21:36
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց և հարյուր պատասխան» խորագիրը կրող քննարկման ժամանակ անդրադարձավ կամուրջները չայրելու մասին ՀՅԴ-ին և «Ժառանգությանն» ուղղված ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի այսօրվա հայտարարությանը:
Վահան Հովհաննիսյանն ասաց, թե լավ կլիներ, որ այդ խորհուրդը ՀԱԿ-ի գլխում ծագեր այն ժամանակ, երբ նրանք անխնա կերպով ծաղրում էին ու շարունակում են ծաղրել Րաֆֆի Հովհաննիսյանին իր քաղաքացիական ակցիայի ժամանակ: «Ինչ ցեխ ասես՝ շպրտեցին, ինչ վարկաբեկիչ արտահայտություն ասես՝ ՀԱԿ-ը Րաֆֆիի նկատմամբ արեց և հիմա ասում են՝ մի այրեք կամուրջները: Այ երբ Դավիթ Շահնազարյանը ԿԳԲ-ի պետ էր, իսկ ես էդ շենքի ներքևի նկուղում, բանտում նստած էի, թող այդ ժամանակ մտածեր կամուրջների մասին»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:
Չնայած վերոնշյալ հայտարարություններին՝ Հովհաննիսյանն ասաց, թե համագործակցությունը չի բացառում: «Բայց ոչ մի իրեն հարգող քաղաքական ուժ չի կարող համագործակցել լիդերի շուրջ, լիդերի անուն ազգանվան շուրջ: Համագործակցել ծրագրի, կոնկրետ անելիքի, արդար ընտրության, խնդրեմ, բայց ոչ թե այն հարցի շուրջ, թե ով է լինելու ազգի պապան կամ պապին: Էդ թեմայով մենք որևէ մեկի հետ համագործակցել չենք կարող»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրված ասուլին, խոսելով ՀՅԴ-ի ու «Ժառանգության» մասին, հայտարարել է, թե այդ ուժերը «քաղաքականապես ճիշտ չեն վարվում՝ փորձելով այրել ՀԱԿ–ի հետ բոլոր կամուրջները։ «Նրանց այս մոտեցումը կբերի մարգինալացման. կա´մ կհայտնվեն քաղաքական արխիվում, կա´մ էլ ամբողջությամբ կհայտնվեն իշխանության դաշտում»,– ասել է նա։
Դաշնակցությունը պատրաստ է մասնակցել երկրորդ ընդդիմադիր ճակատի ստեղծմանը
Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ ներքաղաքական կյանքը «սևի և սպիտակի բաժանելը» ձեռնտու է ՀԱԿ-ին և իշխանությանը: «Նման իրավիճակն իշխանությանը հնարավորություն է տալիս արդարացնելու իր պահվածքը, իսկ ՀԱԿ-ին՝ արդարացնելու իր ծայրահեղական կոչերը: ժամանակն է, որ ժողովուրդը միավորվի և վերջապես այս երկուսին ասի՝ գնացեք այստեղից»,- հայտարարեց նա:
Առաջիկա ընտրությունների նախաշեմին հնարավոր քաղաքական վերադասավորումների մասին խոսելով՝ ՀՅԴ պատգամավորը նշեց, որ եթե անգամ իշխող երեք կուսակցությունների միջև չվերաստորագրվեր կոալիցիոն համաձայնագիրը, միևնույնն է, կուլիսային համաձայնություններ լինելու էին: «Այլ հարց է, որ քննարկվում է ընդդիմության միավորման, հնարավոր ձևաչափի հարցը: Այսօր ՀԱԿ-ը գործող իշխանության հետ շատ ավելի մեծ ընդհանրություններ ունի՝ չնայած հայհոյանքներին, իրար հասցեին ինչ ասես՝ չասելուն. բայց կան քաղաքական ասպարեզներ, որտեղ նրանց՝ իրար մոտիկ լինելը ցայտուն երևում է»,- ասաց Հովհաննիսյանը՝ «մոտիկության» օրինակներ համարելով Արցախի և հայ-թուրքական հարցերը:
Հովհաննիսյանի խոսքով՝ նույնիսկ այս պայմաններում ընդդիմադիր ուժերը կարող են համագործակցել կամ միավորվել, բայց պետք է հստակեցնել, թե ինչի շուրջ: «Այսօր դեռ մեկ քաղաքական շրջանակի ներքո միավորվելու առաջարկ է արվում, իսկ ով սրա մեջ չի տեղավորվում, սկսում են անխնա հայհոյել,- նշեց դաշնակցական պատգամավորը և հավելեց:- Այս պայմաններում կլինի միավորում, բայց մենք կորոշենք՝ ում հետ և ինչպես, ոչ թե ինչ-որ թելադրանքի ներքո»:
Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ Դաշնակցությունը պատրաստ է մասնակցել երկրորդ ընդդիմադիր ճակատի ստեղծմանը: «Դրա անհրաժեշտությունը կա»,- ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
