Հայկական գեղցիության հաղթարշավը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 6, 2011 20:20

Արվեստի մեջ այսպիսի հնարք կա` գրոտեսկ. երբ ցանկանում ես հոռի երևույթը շատ ցայտուն ու տպավորիչ ներկայացնել, ամեն ինչ խիստ չափազանցված կամ խտացված ես ցույց տալիս: “Տաշիր-2011”-ի կազմակերպիչներն այս հոգսից մեզ ազատել էին. իրենք էին հոգացել, որ մեր ժամանակների մեծահարուստների տիպական կերպարը հնարավորինս ցայտուն երևա: Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 3-ին Կրեմլի համերգասրահում, արդեն հինգ տարի կրկնվում էր: Սակայն  այս անգամ գույները չափազանց խտացված էին թե՛ արտիստների ելույթների, թե՛ համերգավարների տափակ կատակների, թե՛ մոսկովյան “գլամուրային” հասարակությանն ամեն կերպ նմանակելու, թե՛ այսպես կոչված աստղերին թանկ պարգևներով շփացնելու առումով:

Սակայն այս հերթական “Տաշիրից” հետո, դատելով համացանցում սկսված իրարանցումից, Հայաստանի բնակչության գրեթե կեսը չքնեց: Հասարակությունը բռնկվեց: Բոլորն ակամա սկսեցին հաշվել, թե բաժանված բնակարանների գումարով աղետի գոտու քանի անօթևան ընտանիք  կվերադառնար նորմալ մարդկային կյանքի, քանի-քանի երեխա կփրկվեր այլևայլ հիվանդություններից: Այդ երեկոյի ընթացքում տասնյակ թանկ, այսպես կոչված էլիտար բնակարաններ նվիրեցին ելույթ ունեցող արտիստներին, որոնք բնավ դրա կարիքը չունեն. ընդհուպ ամերիկաբնակ Արմենչիկին, ընդհուպ Քսենյա Սոբչակին, ընդհուպ Գարիկ Մարտիրոսյանին (սրան` մոսկովյան): Չափն անցան, ինչպես ռուսները կասեին` “переборщили”: Եվ պատահական չէ, որ այդ տեսարանը ռուսական մամուլն անվանեց “Խրախճանք ժանտախտի ժամանակ”: Երբ քո հայրենիքում հազարավոր մարդիկ, ոչ իրենց մեղքով, այլ պետության անկարողությունից, զրկված են կացարանից, “ալամ աշխարհքի” աչքի առաջ այսպես անպատեհ բնակարաններ բաժանելը նման է ծաղրի:

Բայց յուրաքանչյուր վատ իրողություն անպայման լավ կողմ էլ ունի, վերջապես շատ հստակ տեսանք, թե ինչ ենք դարձել: Եղել են ժամանակներ, երբ մեր ժողովուրդը հպարտացել է իր մեծահարուստներով, ուրախացել նրանց հաջողություններով, որովհետև նրանց կարողության  մի զգալի մասը ծախսվում էր ժողովրդի համար: Կարելի է թվարկել, թե ինչքան դպրոցներ ու հիվանդանոցներ են բացվել  նրանց միջոցներով, ինչքան գրքեր ու պարբերականներ են հրատարակվել, ինչքան աղքատ ընտանիքների զավակներ են կրթվել  ռուսաստաններում ու եվրոպաներում, ինչքան կարոտյալ ընտանիքներ են փրկվել սովից ու կործանումից:

“Տաշիր-2011”-ը հպարտանալու առիթ չտվեց,  նախընթաց փորձից ելնելով, չէինք էլ սպասում, բայց կարո՞ղ էինք գոնե պահանջել, որ իրենց փոխարեն չամաչենք, կարո՞ղ էինք պահանջել, որ իրենց սիրած տաշի-տուշիներն ու կլկլոցները որպես հայ մշակույթի իրողություն չներկայացնեն:

Լավ, հասկանալի է, որ ներկայիս կարապետյանները երբեմնի մանթաշովների հետ ոչ մի կապ չունեն.  ուր սրանք, ուր նրանք: Հասկանալի է, որ մարդու նյութական կապիտալն ու ճաշակը բնավ ուղիղ համեմատական չեն, բայց հասկանալի չէ բնակարաններ ստացած արտիստների վերաբերմունքը ժողովրդի արձագանքին:

Վերջերս, Լիբիայի դեպքերի հետ կապված, իմացանք, որ 2010 թ. նախօրեին ամերիկյան փոփ երգչուհի Բեյոնսեն մի մասնավոր ամանորյա երեկոյի ժամանակ հինգ երգ երգելու համար Քադաֆիի որդուց մեկ միլիոն դոլար է ստացել: Երգչուհին Հայիթիի երկրաշարժից  անմիջապես հետո` առաջին իսկ շաբաթների ընթացքում, փողը փոխանցել է տուժածների օգնության հիմնադրամին: Ավելի վաղ կանադական երգչուհի Նելլի Ֆուրտադոն հայտարարել էր, որ հրաժարվել է Քադաֆիի ընտանիքից 2007 թ. իտալական հյուրանոցում իր ելույթի համար ստացած մեկ միլիոն դոլար հոնորարից: Այսպիսի օրինակներ, անշուշտ, շատ կան:

Մարդիկ սպասում էին, որ հենց մրցանակաբաշխության պահին երգիչ-երգչուհիներից գոնե մեկ-երկուսը, գոնե ամենաապահովվածները (անունները չտանք) կանեն այդ բարոյական քայլը: Չարեցին: Մի քանի ժամ անց համացանցում զետեղվեց Գյումրու հասարակական գործիչ Վահան Թումասյանի կոչը: Եվ երբ լրագրողները դիմեցին նրանց, Շուշան Պետրոսյանը ժողովրդի երեսին նետեց “տգետ” պիտակը, իսկ Նունե Եսայանը վրդովվեց, որ իրենց նվերները “հարամ ենք անում”, ընդ որում` երես տալով իրենց բարեգործությունները: Ուր սրանք, ուր համաշխարհային աստղերը:

Կարելի է մխիթարվել այն փիլիսոփայությամբ, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Բայց ներկայիս մեծահարուստների կամ կարծեցյալ աստղերի կերպարն ու ճակատագիրը չէ, որ մտահոգում է: Վերջապես նրանց արժանի պատասխան տալու շատ պարզ միջոց գոյություն ունի: Մտահոգողն այն փոքրիկի ճակատագիրն է, որ լինելով պատվելի, վաստակավոր մտավորականի զավակ, հեռուստացույցի առջև նստած` երազում է այդ “աստղային” կյանքի մասին, թեկուզ անարվեստ, թեկուզ անտաղանդ, թեկուզ ծիծաղելի: Բայց այնտեղ, ախր, շքեղություն է, իսկ իրենց տանը` թշվառություն: Ուրեմն իր ինչի՞ն են պետք գիտելիքն ու կրթությունը:

Դիտվել է 3208 անգամ:
Print Friendly

Leave a Reply