Մայրության ու գեղեցկության տոն ունենք, իսկ հայրությա՞ ն

ԱՆԿԱԽ ԿԻՆ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | April 7, 2011 9:09

Ապրիլի 7` «Մայրության և գեղեցկության օր». ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը: Ըստ քրիստոնեական տոնացույցի` ապրիլի 7-ն ավետման օրն է, այսինքն՝ Մարիամ Աստվածածինն այդ օրն է իմացել, որ լույս աշխարհ պիտի բերի Աստծո որդուն։

Պատմաբան և գենդերային հիմնախնդիրների փորձագետ Լիլիթ Զաքարյանն այս տոնի մեջ մի քիչ արհեստականություն է տեսնում. «Կարծում եմ՝ դա մտցվեց, որպեսզի հասարակական կյանքից դուրս գա խորհրդային համարվող Մարտի 8-ը,- ասում է նա,- և քանի որ դա տեղի չունեցավ, իսկ Ապրիլի 7-ն այլևս չէին կարող հանել, ունեցանք երկու տոն»: Նրա կարծիքով, եթե Մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության օրն է, և մենք այդ օրվա խորհրդի կարիքն իսկապես ունենք, ապա

Մայրության տոնի փոխարեն ավելի շատ ունենք հայրության տոնի կարիք, քանի որ մայրերին մեր հասարակությունում շատ ավելի են մեծարում ու գնահատում.«Օրինակ, Հայաստանում կան քաղաքներ, որտեղ տղամարդիկբնակչության ընդամենը 32 տոկոսն են կազմում, կամ ունենք բազմաթիվ ամսա•րեր, կայքէջեր՝ նվիրված կանանց, ինչը թերի է տղամարդկանց առումով,- ասում է նա,- և եթե լինի հայրությանը կամ տղամարդկանց նվիրված տոն, միգուցե դրանով բարձրաձայնվեն նաև նրանց խնդիրները»:

«Հայ հայրը միշտ շատ մեծարված է եղել մեր իրականության մեջ, և եթե այսօր մի քիչ զիջել է իր դիրքերը, ապա սոցիալական խնդիրների պատճառով»,-կարծում է «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն, հեռուստահաղորդավար Կարին Տոնոյանը: Իսկ նոր տոն ստեղծելու փոխարեն առաջարկում է կառուցել 10 գործարան և տղամարդկանց համար բացել աշխատատեղեր. «Նրանց խնդիրները կնվազեն, իսկ հարգանքը կավելանա»,- կարծում է նա:

Բայց քանի որ չկա հայրության կամ տղամարդկանց տոն, խոսենք մայրության ու գեղեցկության տոնից:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարծում է, որ հայ կնոջ համար լավագույն նվերը պիտի լինի այն երկիրը, որտեղ նա արժանապատիվ ապրելու, իր կարողությունները դրսևորելու, գնահատված ու սիրված լինելու հնարավորություն կունենա:«Մեր իրականությունը, ցավոք, հակառակն է,- ասում է պատգամավորը,- այնքան դառնություն, մռայլություն, սոցիալական բեռ ու բարոյական արժեքների այնքան նահանջ կա, որ դժվար է խոսել երջանիկ կանանց մասին»: Նրա կարծիքով` շատ հաճախ հայ տղամարդիկ գեղեցկության, մայրության և կնոջ մեծարումը կատարում են միայն սեղանների շուրջ, իսկ երբ բաժակաճառերը վերջանում են, այդ ամենից ոչինչ չի մնում:

Այն, որ կանանց տոներ են նվիրվում, բայց իրականում կնոջն արժանի տեղ չի տրվում, ոչ ոք մեղավոր չէ, բացի կնոջից. այս կարծիքին է Կարին Տոնոյանը. «Ե՞րբ կինը ձգտեց ինչ-որ բանի ու չհասավ… Ամենածանր բնագավառներում կանայք են բեռն իրենց վրա վերցրել՝ ընտանիքի, երեխաների դաստիարակության, ցավոք,- ասում է նա,- ուրեմն մնացած բոլոր բնագավառներում էլ կարող են վերցնել»:

Ինչ վերաբերում է տոնին, ապա այն չպետք է լինի պարտադրանք կամ ձևականություն, այլ պետք է ծնվի ինչ-որ լավ բանի հագեցվածությունից և այդ օրվա մեջ ամփոփի այն ամբողջ դրական էներգիան, որ կուտակվել է ժամանակի ընթացքում. «Օրինակ` բերքի տոնը. մարդիկ բերքը հավաքում-ամբարում են ու վերջում տոնակատարության ձևով նշում դա: Նույնն էլ պետք է լինի կանանց, մայրության և ընդհանրապես բոլոր տոների դեպքում»-կարծում է նա:

Տոնոյանը համոզված է, որ Մայրության և գեղեցկության տոնի «բերքը» հավաքելու, ամբարելու և տոնական հոգեվիճակ ու տրամադրություն ստեղծելու գործն առաջին հերթին պետությանն է:

Դիտվել է 2171 անգամ:
Print Friendly

Leave a Reply