Քննարկվել են կանանց դերի բարձրացմանն առնչվող հարցեր

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | April 6, 2011 18:50

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը կառավարության ղեկավարը շնորհավորել է խորհրդի կին անդամներին. «Գեղեցիկ ավանդույթ է ձևավորվում, որ մենք արդեն մեր սիրելի կանանց նվիրված միամսյակ ենք նշում: Ցանկանում ենք ձեզ առողջություն, երջանկություն, որպեսզի դուք միշտ մեր կողքին լինեք և իմաստավորեք տղամարդու կյանքը»:
Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներին է ներկայացվել «ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը և ՀՀ գենդերային քաղաքականության 2011թ. միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Զեկուցվել է, որ նախագծում ներառվել են ինչպես հրատապ, այնպես էլ հեռանկարային խնդիրներ, որոնք վերհանում են կանանց դերին առնչվող հարցեր՝ հնարավորություն ընձեռելով ամրապնդելու կնոջ դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում։
Նիստում քննարկվել է նաև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մեծացնել կանանց ներգրավվածությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև օրենսդիր մարմիններում: Վարչապետը հանձնարարել է հիշյալ օրենքի նախագիծը ներկայացնել կառավարության քննարկմանը:
Խոսելով գենդերային հավասարության մասին՝ Տիգրան Սարգսյանը կարևորել է կանանց դերի բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում որպես քաղաքակիրթ հասարակության ձևավորման և առաջընթացի անհրաժեշտ նախապայման:
Մեկ այլ հարցով ներկայացվել են խորհրդի աշխատանքային խմբերի 2011թ. ծրագրերը: Խորհրդի սոցիալ-տնտեսական հարցերի և առողջապահության աշխատանքային խմբի նոր ղեկավար է նշանակվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը:

Դիտվել է 2053 անգամ:
Print Friendly

Leave a Reply