Սիրտ-անոթային հիվանդությունների սրում` գարնանային եղանակի անկայունությանը զուգահեռ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2011 17:54

Գարնանային եղանակների ազդեցությամբ սրվել են սիրտ-անոթային հիվանդությունների խնդիրները ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Հանրապետությունում արձանագրվել է շտապօգնության կանչերի, բժիշկներին դիմելու դեպքերի հաճախացում, մահացության բարձր ցուցանիշներ, սակայն, չկան. երեւույթը բնականոն է վերջին տարիների կտրվածքով:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի` գիտության գծով փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն, Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, սիրտ-անոթային հիվանդությունների վրա ուշադրություն սեւեռել միշտ է պետք, քանի որ դրանց տեսակարար կշիռը աշխարհի ընդհանուր մահացությունների թվում մեծ է. անցնում է 50 տոկոսը:

«Պետք է հասարակության մեջ սերմանել սրտի մասին ավելի հոգատար վերաբերմունք ունենալու անհրաժեշտությունը»,- նկատեց բանախոսը` ընդգծելով առողջապահական համակարգում սիրտ-անոթային հիվանդությունների կարեւորության, մասնավորապես` կանխարգելման հարցի բարձրացման անհրաժեշտությունը: Գարնան զարթոնքին զուգահեռ` ձմեռային պասիվությունից հետո աշխուժանում է մարդու օրգանիզմը նույնպես, ինչն արտահայտվում է նաեւ սիրտ-անոթային ակտիվությամբ, առավել եւս երբ առկա են որոշակի ախտահարական վիճակներ, առողջական շեղումներ:

«Հիմա եղանակին շատ բնորոշ է կարճաժամկետ անկայունությունը, մթնոլորտային ճնշման փոփոխությունները, որոնք մեծ ազդեցություն են ունենում, մասնավորապես, զարկերակային գերճնշում ունեցողների կենսակերպի վրա»,- նշեց Պ. Զելվեյանը: Զարկերակային գերճնշումը, որը ամենատարածված ախտաբանական վիճակն է ամբողջ աշխարհում, Հայաստանում տարածված է չափահաս բնակչության 30 տոկոսի վրա` այս կամ այն չափով: «Զարգացած երկրներին առավել հատուկ է այս հիվանդության տարածվածությունը»,-ասաց նա:

Առողջապահական մարմինների, դրանց ներկայացուցիչների նպատակը պետք է լինի սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց կյանքը երկարացնել, հիվանդության տարիքը բարձրացնել` հասցնելով 85-90 տարիքային խմբի` 45-50-ի փոխարեն: «Նկատվում է հիվանդության երիտասարդացում, ինչը շատ մտահոգիչ է»,- ցավով փաստեց մասնագետը` հավելելով, որ կանխարգելմանը պետք է նպատակաուղղվել:

Նրա խոսքով` երիտասարդ տարիքում հիվանդության հավանականության նվազեցման, կյանքի երկարացման բանալին կանխարգելիչ սրտաբանության հիմունքների ներդրումն է: «Միանշանակ է, որ կանխարգելելն անհամեմատ ավելի հեշտ է, քան բուժելը»,- նշեց բժիշկը` մեկնաբանելով, որ տնտեսական տեսանկյունից նույնպես կանխարգելումն ավելի շահավետ է պետությանը, որովհետեւ մահացության եւ հաշմանդամության բարձր տոկոսը բերում է դրանց հետեւանքների թանկարժեքությանը:

Հայկական բժշկական ասոցացիան 2003-2004 թթ-ին եւ 2009-2010 թթ-ին Երեւանում ուսումնասիրություն է իրականացրել եւ բացահայտել, որ 5 տարվա կտրվածքով հիվանդության տարածվածության փոփոխություն չի արձանագրվել. մայրաքաղաքի հասարակության 1/3-ը զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներ ունի, այսինքն` մոտավորապես 200 հազար երեւանցի: Ուրախալի է, որ այդ 5 տարվա ընթացքում նկատելի է դարձել հսկվող ճնշում ունեցող հիվանդների քանակը: «Նախկինում արհամարհում էին, բնական համարում այդ ճնշման առկայությունը, այժմ անհանգստանում են»,- ասաց Պ. Զելվեյանը` ավելացնելով, որ տեղեկացվածության աստիճանի բարձրացման շնորհիվ ներկայում կարգավորվող զարկերակային գերճնշում ունեցողների բարձր տոկոս է արձանագրվում:

Դիտվել է 3019 անգամ:
Print Friendly

Leave a Reply