Ա. Օսիպյան.«Գյուղատնտեսությունում կան ռիսկեր, որոնք հնարավոր չէ գնահատել»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2011 16:50

Գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացումը նախկինում մոռացության էր մատնվել, սակայն նորից խնդիրը պետության ուշադրության կենտրոնում է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ով ներկայացավ իբրեւ ֆինանսական դաշտում գործող վարկային կազմակերպության ղեկավար, տոկոսադրույքի խնդիրը հավերժական է. հնագույն ժամանակներից այն կարգավորելու փորձեր են արվում:

Ըստ Բ. Ասատրյանի տվյալների` ՀՀ բնակչության մեկ երրորդը` աշխատուժի ուղիղ կեսը, գյուղում է բնակվում, իսկ գյուղը տալիս է 1.6 մլրդ դոլարի արտադրանք, հետեւաբար, գյուղացիներից յուրաքանչյուրը` 3000 դոլարի չափով: ԿԲ նախկին նախագահի խոսքով` առաջնայինը զբաղվածության խնդրի լուծումն է, ոչ թե տոկոսադրույքներինը: Նրա տվյալներով` նախորդ տարում գրանցվել է հացահատիկեղենի` 8 տոկոս, կարտոֆիլի` 13-14 տոկոս, եւ բանջարեղենի` 12 տոկոս ցանքատարածությունների կրճատում:

Աճել են պտղի եւ խաղողի ցանքատարածությունները` մինչեւ 10 տոկոս: Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը նշեց, որ տնտեսությունում կան շրջափուլեր, որոնք սկսում են ճգնաժամից: «Այսօր մենք ունենք ինֆլյացիոն ճնշումներ, որոնցից պետք է ազատվել»,- ասաց Օսիպյանը` նշելով ինֆլյացիայի երեք հիմնական պատճառները` մոնիտար, ապրանքային եւ պահանջարկի հետ կապված:

Ա. Օսիպյանը առանձնացրեց գնաճի դեմ պայքարի կարճաժամկետ` դրամավարկային քաղաքականության գործիքները, դրանք են` մոնիտար զանգվածների կրճատումներ, տնտեսության ինֆրաստրուկտուրալ փոփոխություն, այսինքն` արտասահմանից ներմուծված ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելը: ՀՀ-ում գործում է 21 բանկ. բոլորն ունիվերսալ են, այսինքն` իրականացնում են բոլոր բանկային գործառնությունները: 2010 թվականին մեր երկրում գրանցվել է 28.7 տոկոսով վարկային ներդրումների աճ եւ գյուղվարկերի աճ` 19 տոկոսով:

Ըստ գյուղվարկերի աշխարհագրության` ամենից զարգացածը Արմավիրի, Արարատի, Կոտայքի, թերզարգացածը` Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերն են: Միջին տոկոսադրույքը գյուղվարկերի համար կազմում է` 17-19 տոկոս: Տոկոսադրույքների ձեւավորման առումով կարեւոր նշանակություն ունեն երեք հանգամանքները` ռեսուրսավճարը, ադմինիստրատիվ ծախսերը, ռիսկի գնահատմամբ բխող տոկոսադրույքները` ռիսկի ծախսերը: «Ի տարբերություն այլ ռիսկերի, գյուղատնտեսությունում կան ռիսկեր, որոնք հնարավոր չէ գնահատել, օրինակ` կլիմայական ռիսկը»,- նշեց Ա. Օսիպյանը` հավելելով, որ իբրեւ ելք նշվող գյուղապահովագրությունը թանկ է եւ փոքր տնտեսությունների համար` ոչ մատչելի: Բանախոսն ընդգծեց մեծ մրցակցությունը, որ կա բանկային շուկայում:

Նրա խոսքով` սա բերում է ծառայությունների իջեցման, հետեւաբար բանկերը փորձում են թափանցել ոլորտներ, որոնք մյուսների ուշադրությունից դուրս են մնացել: Այսօր բոլոր բանկերը գյուղվարկեր են տրամադրում, սակայն մասնագիտացած են 5-6-ը: ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով` Հայաստանի ֆինանսական շուկան կայացած չէ: Խնդիրը միայն ֆինանսական շուկայի ներսում չէ, այլեւ պետական կարգավորման համակարգում: Կուտակված ռեսուրսները ներդրվածներից կրկնակի շատ են: Վարկային ռեսուրսների շուրջ 70 տոկոսը մինչեւ 2 000 դոլար վարկեր են, ինչը նշանակում է` դրանք վերցվում են ընթացիկ ծախսերը հոգալու համար:

Տարածքների մասնագիտացումը կարեւորելով` Ա. Մինասյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում չկա մաքուր գյուղատնտեսության վրա հիմնված երկիր: Անդրադառնալով գյուղմթերքի ապահովագրությանը` Մինասյանն ասաց, որ այն խիստ թանկ հաճույք չէ, պարզապես կանխարգելիչ միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել. դրանք նվազագույնի կհասցնեն գյուղմթերքի կորուստի ռիսկը:

Դիտվել է 1624 անգամ:
Print Friendly

Leave a Reply