Ասեղնապատկերների ցուցահանդես` Երեւանի պատմության թանգարանում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | April 6, 2011 16:39
Երեւան քաղաքի պատմության թանգարանում այսօր ներկայացվեց Արմինե Հայրապետյանի ասեղնապատկերների ցուցահահանդեսը` «Քելե’, լաո’» խորագրով: Ներկայացված էին հեղինակի` վերջին 25 տարվա ընթացքում ստեղծած տասնյակ աշխատանքներ: Ա. Հայրապետյանի խոսքով` իր աշխատանքների հիմքում ընկած են երաժշտությունը եւ պոեզիան: «Դրանց միջոցով ես կարողանում եմ արտահայտել մեր ազգի կենսագրությունը, ներկան եւ ապագան»,- նշեց նա` ավելացնելով, որ կտավի վրա ինքը կարողանում է սեր «գործել», իսկ յուրաքանչյուր աշխատանք ծնվում է երկունքով:
Շնորհակալութուն հայտնելով Աստծուն` Ա. Հայրապետյանը նկատեց, որ թեեւ ինքը մասնագիտությամբ մաթեմատիկ է, այնուամենայնիվ, ի վերուստ տրված շնորհի միջոցով կարողանում է հաճույք պատճառել մարդկանց: Նա իր աշխատանքներից մեկը նվիրեց թանգարանին` շեշտելով, որ երբեւիցե իր աշխատանքները չի վաճառել եւ չի վաճառի: «Ես իմ շնորհը նվիրում եմ մարդկանց եւ ոչ երբեք վաճառում»,- ասաց նա:
Արվեստաբան Սարո Սարուխանյանի կարծիքով` Ա. Հայրապետյանի աշխատանքերի մեջ անթեղված են հայ ժողովրդի կյանքի պատմական փաստերը: «Նրա գործերում առկայծում է հավատի լույսը եւ պարուրում բոլորին»,-նշեց նա: Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս շարունակ: Նշենք, որ Ա. Հայրապետյանի աշխատանքները ներկայացվել են մի շարք եվրոպական երկրների նշանավոր ցուցասրահներում: Երեւանում ցուցադրումներ են եղել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Ժողովրդական արվեստի թանգարանում, Խնկոր Ապոր անվան մանկապատանեկան գրադարանում եւ այլուր:






Facebook
Tweet This
Email This Post
