Ժնևում տեղի է ունեցել ֆրանսիացի վավերագիր Մարի Դոմինիք Մասոլի «Հայաստան` մշակույթի եւ զգացմունքների երկիր» ֆիլմի ցուցադրումն ու համանուն գրքի ներկայացումը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 6, 2011 16:16

Ապրիլի 5-ին, Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակի նշանավորման միջոցառումների շրջանակում, Ժնեւի Դելիս համայնքային կինոդահլիճում շվեյցարական հանդիսատեսի համար տեղի ունեցավ ֆրանսիացի վավերագիր Մարի Դոմինիք Մասոլի ,,Հայաստան` մշակույթի եւ զգացմունքների երկիր,, ֆիլմի ցուցադրումը եւ համանուն գրքի ներկայացումը:

Միջոցառման ընթացքում հեղինակը նշեց, որ իր ֆիլմով եւ գրքով փորձել է ներկայացնել իր ընկալած Հայաստանը` ,,իր Հայաստանը,,` աշխատասեր, կենսունակ` իր ուրույն ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանած հերոսական հայ ժողովրդի երկիրը, իրական զգացմունքների, հազարամյա պատմության, մշակույթի, արվեստի ու քաղաքակրթության երկիրը: Ֆիլմը ներառում է Հայաստանի տարբեր վայրերում` Երեւանում, Օշականում, Էջմիածնում, Վանաձորում, Ալավերդիում, Տաթեւում, Մեղրիում, Գյումրիում, Իջեւանում, Սեւանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում կատարված նկարահանումները: Թե ֆիլմը եւ թե գիրքը ներկայացնում են դարերի ընթացքում Հայաստանի պատմական կարեւոր իրադարձությունները, ներկայիս Հայաստանի տնտեսությունը, զբոսաշրջային հնարավորությունները, հայկական պատմական եւ մշակութային ժառանգությունը` կրոնի ու լեզվի առանձնահատկությունները, ճարտարապետական հնագույն հուշարձանները, ավանդական ծիսակատարությունները, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների առօրյան:

Ֆիլմի ցուցադրումը եւ գրքի ներկայացումը շվեյցարական հանդիսատեսի համար նախատեսվում է իրականացնել ամբողջ տարվա ընթացքում Շվեյցարիայի ֆրանսախոս շրջաններում:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply