Տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության ոլորտում թափանցիկության ու արդարության ավելացում» թեմայով համաժողով

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2011 15:06

Ապրիլի 6-ին ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը (ՀԳՄԾ), ՀՀ Կրթության և գիտության նախարարության և ԵԱՀԿ-ի հետ համատեղ, կազմակերպել է «Բարձրագույն կրթության ոլորտում թափանցիկության ու արդարության ավելացում» թեմայով հակակոռուպցիոն համաժողով, որ տեղի է ունեցել Երևանի «Մարիոթ» հյուրանոցում: Համաժողովին մասնակցել են պետական մարմինների, համալսարանների, քաղաքացիական հասարակության, առևտրային ընկերակցությունների, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ավելի քան 150 ներկայացուցիչներ:

«Կրթական ոլորտում կոռուպցիայի բացակայությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի ապագայի, այլ նաև մշակութային ժառանգության համար: Կրթության ոլորտում առկա կոռուպցիան անմիջականորեն ազդում է դասարանական ուսուցման որակի, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և գիտական աստիճանի կամ դիպլոմի արժեքի վրա: Եթե կրթության որակը ցածր է, եթե ոլորտում արդյունավետությունը ցածր է, եթե կոռուպցիայի հետևանքով վատնվում են ռեսուրսները, մեծ վտանգ կա, որ կարող է նվազել ողջ երկրի զարգացման հնարավորությունը»,- միջոցառման բացման ժամանակ նշել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման: «ԱՄՆ ՄԶԳ-ի համար խիստ կարևոր է աջակցել կրթության ոլորտի կոռուպցիայի վերացմանը, որովհետև կոռուպցիայից զերծ կրթական ոլորտը Հայաստանի կայուն զարգացման հիմնասյունն է»:

Համաժողովը կազմված է եղել երկու նիստից: Առաջին նիստին հայաստանյան բանախոսները տրամադրել են ներկայացումներ` տեղական կառույցների և հասարակական կազմակերպությունների կողմից բարձրագույն կրթության կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Երկրորդ նիստին հրավիրված բանախոսները տրամադրել են ներկայացումներ` արտերկրի կրթական համակարգում արդարության ավելացմանն ուղղված միջոցառումների արդյունքում քաղված դասերի և հաջողության պատմությունների, ինչպես նաև համաշխարհային մակարդակով ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալ: 

Բանախոսները քննարկել են, թե ինչպես է կոռուպցիան խամրեցնում բարձրագույն կրթության չափորոշիչները, ինչպես նաև փոխանակել են միջազգային լավագույն հակակոռուպցիոն փորձն ու քաղված դասերը:

2010թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն ընդունել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012թթ. միջոցառումների համալիր ծրագիրը»: Նշված գործողություններն ուղղված են բարձրագույն կրթության ոլորտում թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը և կրթության մատչելիության ապահովմանը: Բարձրագույն կրթության կոռուպցիայի թեմայով ՀԳՄԾ համաժողովը օժանդակում է վերոնշյալ Ծրագրի և առնչվող գործողությունների իրականացմանը:

Դիտվել է 1621 անգամ:
Print Friendly

Leave a Reply