Հիմնանորոգվում են Կապանի գրադարանները

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 6, 2011 12:17

Կապանի քաղաքապետարանը սկսել է հիմնանորոգել քաղաքի գրադարանները: Առաջինը հիմնանորոգվել ու շահագործման է հանձնվել Դավիթ-Բեկ թաղամասի գրադարանը, որի աշխատանքներին աջակցել են թաղամասի բնակիչներն ու ընթերցողները: 350 ընթերցող ունեցող գրադարանը շենքային պայմանների անմխիթար վիճակում էր հայտնվել եւ կանգնած էր փակման եզրին: Այստեղ կա ավելի քան 17 հազար կտոր գիրք: Գրադարանն ունի գրապահոց եւ ընդարձակ ընթերցասրահ:

Երեք ամիս տեւած շինաշխատանքների համար ծախսվել է մոտ 2,5 մլն դրամ: Փոխվել են էլեկտրական մալուխները, ջրախողովակները, ամբողջովին նորոգվել է լվացարանը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Բայց թաղամասի ակումբը դեռ մնում է անմխիթար վիճակում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Կապանից, քաղաքապետը խոստացել է եկող տարվա համայնքային բյուջեից գումարներ տրամադրել խնդրի լուծման համար, իսկ բնակիչները խոստացել են այս անգամ եւս աջակցել քաղաքապետարանին: Ներկայում քաղաքապետարանը սկսել է Հունան Ավետիսյան փողոցի գրադարանի նորոգումն ու վերազինումը:

Սրա համար նախատեսվել է 15 մլն դրամ, քանի որ տարածքը մեծ է` մոտ 150-160 քմ: Այս գրադարանը Կապանում կլինի եզակի իր հագեցվածությամբ, տեխնիկական վերազինմամբ: Մինչեւ տարեվերջ աշխատանքները կավարտվեն: «Դավիթ-Բեկ թաղամասի գրադարանն առաջինն է, սակայն քաղաքի ակումբների ու գրադարանների հիմնանորոգման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու», – հավաստիացրել է քաղաքապետ Արթուր Աթայանը:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply