Իրանական գազ`հայկական էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը նոր թափ է ստանում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 2, 2009 19:23
Իրան-Հայաստան գազատարով 3 շաբաթ առաջ սկսված գազի առաքման դիմաց իրանական կողմն ակնկալում է առաջիկայում Հայաստանից ստանալ էլեկտրաէներգիա: Իրանից գազը մատակարարվում է «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» բանաձեւով` յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, քառակողմ հանձնաժողովը, որը կազմված է էլեկտրաէներգիա արտադրող, գնող եւ Իրանական գազի ընկերություններից, առաջիկայում պաշտոնապես կձեւակերպի գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման բանաձեւը:
«Մենք հիմա սպասում ենք երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, եւ երբ այն պատրաստ լինի, կարելի է ասել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները կհավասարվեն»,-ասել է Իրանի դեսպանը:
Ըստ Ս.Ալի Սաղայանի` նախկինում երկկողմ համաձայնագրով Իրանը եւ Հայաստանը միմյանց էլեկտրաէներգիա էին մատակարարում, երբ երկրներից մեկը ծանրաբեռնված ամիսներին պահանջարկ էր ունենում:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հավաստմամբ` հունիսի վերջին Հայաստանը կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին: Նախորդ տարիներին էլեկտրաէներգիայի հաղորդման ծավալները կազմել են տարեկան 1 միլիարդ կՎտ/ժամ:






Facebook
Tweet This
Email This Post
