Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Սերբիայի Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 5, 2011 20:49

Հայաստանի Նախագահը և Սերբիայի Պատրիարքը կարևորել են Հայ Առաքելական Եկեղեցու և Սերբ Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ջերմ հարաբերությունները: Զրուցակիցները հույս են հայտնել, որ առկա համագործակցությունը հետզհետե կընդլայնվի, իսկ հայ և սերբ ժողովուրդների շփումները շարունակաբար կընդլայնվեն:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եկեղեցին բացառիկ դերակատարություն է ունեցել` պետականության բացակայության պայմաններում հաճախ ստաձնելով ազգի համախմբման և առաջնորդելու բարձր առաքելությունը: Հանրապետության ղեկավարի խոսքով, այսօր էլ հայերի, ինչպես և սերբերի համար, եկեղեցու դերն անփոխարինելի է:

Պատրիարք Նորին Սրբություն Իրինեյի հետ հանդիպմանը Հանրապետության ղեկավարը հատկանշական է համարել նաև, որ Կոսովոյում գտնվող հայկական խաղաղապահ գումարտակն իր լիազորությունների շրջանակում արել է հնարավորը` պաշտպանելով Կոսովոյում գտնվող սերբական եկեղեցիները:

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ևս:

Հանրապետության ղեկավարը ծաղիկներ է դրել մայրաքաղաքի Ս. Գաբրիել Հրեշտակապետ եկեղեցու հարևանությամբ տեղադրված 1988թ. երկրաշարժի օրերին Հայաստանում զոհված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հայկական խաչքարին, զրուցել`օդաչուների հարազատների հետ:

Ավարտելով պաշտոնական այցը Սերբիայի Հանրապետություն` Նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան վերադարձել է Երևան:

Դիտվել է 1850 անգամ:
Print Friendly

Leave a Reply