Մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 5, 2011 20:06

  1. պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Մայրության և գեղեցկության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսների մայրեր և այրիներ, զինված ուժերում միաժամանակ ծառայող երեք որդի ունեցող մայրեր, կին զինառայողներ և ազատամարտիկներ:

Ելույթներով հանդես են եկել կին զինծառայողներ, ազատամարտիկներ և զինվորների մայրեր:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր շնորհավորական խոսքում, դիմելով դահլիճում ներկա զինվորների մայրերին, ասել է. «Յուրաքանչյուր մայր անհանգստությամբ ու համբերատարությամբ է սպասում զինվոր որդու վերադարձին. առավել դժվար է այն մայրերի սպասումը, որոնց երկու կամ երեք որդիներն են ծառայում ազգային բանակում: Դադարած, սակայն դեռ չավարտված պատերազմի պայմաններում սահմանում արձակված յուրաքանչյուր կրակոց առաջին հերթին զինվորի մոր հոգում է արձագանքում: Անհանգստանալու հետ մեկտեղ, հպարտացեք Ձեր որդիներով, որովհետև այսօր նրանց շնորհիվ են անառիկ մեր սահմանները»:

Կարևորելով կանանց դերը արցախյան պատերազմում և բանակաշինության մեջ` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Հարգելի կին ազատամարտիկներ, մեր մարտական ընկերներ, մարտի դաշտում դուք որպես կապավոր, բուժքույր, հրաձիգ, տղամարդկանց հավասար կրեցիք պատերազմի բոլոր դժվարությունները: Նաև ձեր սխրանքի ու նվիրումի շնորհիվ է, որ հայ ժողովուրդը հաղթանակ տարավ Արցախյան պատերազմում»:

Դիմելով զոհված ազատամարտիկների մայրերին ու այրիներին` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Այսօր մեր զինված ուժերի թե սպաների, թե զինվորների շարքերում կան նաև զոհված ազատամարտիկների զավակներ, ովքեր ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ շարունակում են իրենց հայրերի գործը` ավելի հզորացնելով մեր բանակը: Շնորհակալություն ձեզ` հայոց բանակի համար իրենց հայրերին արժանի հերթափոխ մեծացնելու և դաստիարակելու համար»:

Պաշտպանության նախարարը միջոցառմանը ներկա ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոսների հարազատներին, զոհված ազատամարտիկների կանանց, ինչպես նաև մի շարք կին ազատամարտիկների և զինծառայողների պարգևատրել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և նվերներով:

Դիտվել է 1723 անգամ:
Print Friendly

Leave a Reply