«Նաիրի» կինոթատրոնն այլևս չի գործում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 5, 2011 20:00
Այս տարվա ապրիլի 1-ից Երևանի «Նաիրի» կինոթատրոնն այլևս չի գործում։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց կինոթատրոնի սեփականատեր ընկերության՝ «Ուլիս» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Մանուչարյանը։
Նա նշեց, որ «Նաիրի» կինոթատրոնը շուրջ երեք տարի է, ինչ վարձակալության հիմունքներով տրվել էր «Մոսկվա» կինոթատրոնին, որը 2008թ. ապրիլի 1-ից աշխատեցնում էր կինոթատրոնը, սակայն այս տարվա ապրիլից չի ցանկացել երկարացնել պայմանագրի ժամկետը։
Հարցին, թե ինչու «Ուլիս» ՓԲԸ-ն չի փորձում սեփական ուժերով աշխատեցնել կինոթատրոնը, Մանուչարյանը պատասխանեց, թե Հայաստանում կինո պահելը եկամտաբեր չէ: «Թեև մենք 7 տարի՝ 2001-2008 թթ. աշխատեցրել ենք կինոթատրոնը, նոր միայն վարձակալության հիմունքով հանձնել «Մոսկվա» կինոթատրոնին, սակայն այժմ ներդրումներ են անհրաժեշտ: Ժապավենով կինոն հիմա չի աշխատում: Մենք 3D, 5D ձևաչափով ֆիլմեր ցույց տալու դարում ենք»,- ասաց նա։
Մանուչարյանի խոսքով՝ «Նաիրի» կինոթատրոնն աշխատեցնելու համար ներկայում իրենք վարձակալներ են փնտրում, անգամ պատրաստվում են դիմել Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով օգնել ներդրողներ գտնելու հարցում։
Հիշեցնենք, որ 2001թ. «Ուլիս» ընկերությունը «Նաիրի» կինոթատրոնը վարձակալել էր 20 տարի ժամկետով։ 2002թ. ընկերությունը շենքի վերանորգման համար ներգրավել էր $600 հազ. վարկային միջոցներ, վարկային միջոցների երաշխավոր էր հանդիսացել «Կոնվերս բանկը»։ Հետագայում՝ 2004թ., 1060 քմ մակերեսով կինոյի շենքը մասնավորեցվեց։
2006թ. Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը 2001-2003թթ. պետգույքի մասնավորեցման ծրագրի հաշվետվություն քննարկմանը հայտարարել էր, որ Մոսկովյան 33 հասցեում գտնվող «Նաիրիի» կինոթատրոնի 1 քմ-ն վաճառվել է $40-ով, այնինչ շուկայական գինը $1000-$1200 է:






Facebook
Tweet This
Email This Post
