Արկտիկայի սառույցները 30 տարվա ընթացքում կրճատվել են 25 տոկոսով
Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | August 13, 2009 16:58
Ամառային արևի ջերմությունից Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը կորցնում է իր սառցածածկը հազարավոր խորանարդ մետրերով, ինչի հետևանքով արագորեն կրճատվում է բևեռային սառցածշերտերի ծավալը: Նման եզրակացության, ըստ «Թայմ» ամսագրի, եկել են բևեռային սառցե ծածկույթին արբանյակի միջոցով հետևող գիտնականները:
Վերջին հարյուրամյակում ողջ աշխարհում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է 0,6 աստիճանով, մինչդեռ Արկտիկայում 2 անգամ ավելի շատ է բարձրացել: Այս ամենի պատճառը, ըստ գիտնականների, մարդկային գործոնն է և ածխաթթու գազի արտանետումները:
Ըստ ամերիկյան «Տվյալների ազգային կենտրոն»-ի ` այժմ Արկտիկայի սառցածածկույթը կազմում է 6,75 մլն խ/կմ: Գիտնականներն մտավախություն ունեն, որ սառույցի հալոցքի տեմպերի արագացման պայմաններում այս ցուցանիշը կարող է հասնել նվազագույնի` գերազանցելով 2007-ի տվյալները, երբ ամառային հալոցքից հետո սառցածածկույթը 4,3 մլն խ/կմ էր:
Բացի այդ, գիտնականներն ասում են, որ աստիճանաբար բարակում է արկտիկական սառույցի հիմք կազմող և երբևէ չհալչող սառցաշերտը: Վերջին 30 տարիների ընթացքում Արկտիկայի սառցածածկույթը կրճատվել է 25 տոկոսով: Եթե հալոցքի ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա, ըստ գիտնականների, 21-րդ դարի վերջում արկտիկական սառցածածկույթը բոլորովին կվերանա ամռան ամիսներին:
Առայժմ գիտնականներին չի հաջողվել գտնել որևէ միջոց` արկտիկական սառույցի հալոցքը կասեցնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
