«Ես թերթ եմ». ութերորդ «Փեչա-քուչա»-ն ներկայացնում է լրատվամիջոցի տեսլականը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 5, 2011 18:48

Նունե Սարգսյանը ներկայացնում է «Ես թերթ եմ» թեմայի նախապատմությունը

Քեզ տրված է 6 րոպե և 40 վայրկյան ժամանակ, որի ընթացքում պետք է հասցնես ներկայացնել քո գաղափարը: 20 կադր և 20 վայրկյան. «Փեչա-քուչա»-ն  սկսվում է երեկոյան 20:20-ին:

«Փեչա-քուչա»-ն  ճապոներեն բառ է և նշանակում է ասել-խոսել կամ ավելի ճիշտ՝ բլբլացնել, որովհետև միայն արագ-արագ բլբլացնելով կարող ես հասցնել 20 վայրկյան տևողությամբ կադրի ընթացքում խոսել պատկերում արտացոլվող գաղափարի մասին:

«Փեչա-քուչա»-ն  համաշխարհային միջոցառումների  ցանց է, որը 2003թ.   Տոկիոյում ստեղծել է մի ճարտարապետական ընկերություն: Միջոցառման հիմքում ընկած է կարճ ժամանակում  կոնկրետ գաղափարի ներկայացումը պատկերի միջոցով, որն ուղեկցվում է խոսքով:

«Նրանք հասկացել են, որ ստեղծագործող մարդու ձեռքից շատ դժվար է վերցնել միկրոֆոնը, ուստի հստակ սահմանափակում է դրվել»,- «Անկախին» ասում է երևանյան «Փեչա-քուչա»-ի կազմակերպիչ Վահե Բալուլյանը:

Հետո ստեղծվել է «Փեչա-քուչա» հիմնադրամ և որոշվել է արտոնագրման միջոցով «արտահանել» այդ միջոցառումները Ճապոնիայից դուրս:

«Մենք դիմեցինք հիմնադրամին ու մոտ երկու ամսվա ընթացքում համաձայնությունը ձեռք բերվեց,- ասում է Բալուլյանը,- շատ զարմանալի էր, որովհետև Սանկտ Պետերբուրգի բանակցությունները 1.5 տարի են տևել»:

2010թ. հուլիսի 30-ին  կազմակերպվում է առաջին «Փեչա-քուչա»-ն:  Երևանը նախկին խորհրդային տարածքում երկրորդ քաղաքն է Սանկտ Պետերբուրգից հետո, որտեղ անցկացվում է «Փեչա-քուչա»: Մեկ քաղաքի համար տրվում է մեկ արտոնագիր: Այսօր «Փեչա-քուչա» արվում է աշխարհի 403 քաղաքներում:

Ըստ պայմանագրի՝ տարվա ընթացքում պետք է կազմակերպվի 4 ներկայացում, բայց Երևանում ավելի շատ է եղել:  Բալուլյանն ասում է, որ  դա խոսում է պահանջարկի մասին:

«Պարզվում է, որ շատ հետաքրքիր մարդիկ կան Երևանում, որոնք գաղափարներ ունեն, բայց  արտահայտելու տեղ չունեն,-  ասում է նա,- մենք էլ ընձեռում ենք այդ հնարավորությունը»:

«Փեչա-քուչա»-ն անցկացվում է «Ակումբ» սրճարանում: Բոլոր ներկայացումներն ընթանում են լեփ-լեցուն  սրահում. 70քմ մակերեսով սենյակում նստած ու կանգնած են մոտ 100 մարդ: Որպեսզի ոտքի վրա չմնան` մարդիկ գալիս են կես ժամ շուտ: Մուտքն անվճար է:

«Փեչա-քուչա»-ում գաղափար ներկայացնելու որևէ սահմանափակում չկա: «Ամեն ինչի մասին կարող ես խոսել բացի ապրանք ծախելուց և կուսակցություն գովազդելուց,- ասում է Բալուլյանը,- սակայն կարող ես ասել, որ օրինակ` պրեզիդենտական իշխանությունն ավելի հետաքրքիր է,  քան պառլամենտականը, որովհետև սենց… այսինքն` պիտի ստեղծագործական լինի մոտեցումը: Մեկը խոսում է ձի պահելու մասին, նրանից հետո խոսում են «Լեզվի օրենքի» մասին և այլն»:

Ութերորդ «Փեչա-քուչա»-ն, սակայն, թեմատիկ էր. այն կրում էր «Ես թերթ եմ» խորագիրը, որն առաջարկել էր «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ն:

«Լրատվամիջոցները ճգնաժամի մեջ են թե՛ Հայաստանում, և թե՛ աշխարհում,- ասաց «Ինտերնյուսի» տնօրեն Նունե Սարգսյանը,- մենք փորձում ենք ինչ-որ  գաղափարներ գտնել, որոնք հնարավոր կլինի կիրառել՝ զարգացնելու մեդիա դաշտը»:

Փեչա-քուչայի ավարտից հետո մարդիկ ազատ շփվում են

Հայաստանյան կամ այլ երկրի մեդիայի սեփական տեսլականը ներկայացնելու ցանկություն էր հայտնել 10 մասնակից: Հիմնականում լինում է 8-12 պրեզենտացիա: Յուրաքանչյուր ներկայացումից հետո հարց ու պատասխանի համար տրվում է 2 րոպե, սակայն միջոցառման ավարտից հետո մարդիկ մնում և ազատ շփվում են:

Զարմանալի է, բայց ավանդական մեդիային միջոցառումը չէր հետաքրքրել: Այդ մասին էր խոսում «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը: Նրա ներկայացումն ընդգրկում էր 2011-2020թթ. ընթացքում հայկական հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերի աշխատանքը, որոնց 60-70 տոկոսը  այդ նույն ժամանակահատվածում նվիրված էր նախագահականի գործունեության լուսաբանմանը և որոնց աշխատանքի որակի բարելավման վրա չէր ազդել անգամ թվայնացումը:

Այդ ընթացքում Խաչիկ անունով մի դեռահաս, լիովին յուրացնելով ՏՏ ոլորտի հնարավորությունները, սովորական բլոգերից դառնում է նախագահի բլոգերը: Խաչիկի ուղղագրական սխալներից ինֆարկտ է ստանում նրա հայոց լեզվի դասատուն, սակայն դա չի խանգարում, որ վերջում նա հայտնվի «Մայքրոսֆթում» և զբաղեցնի սոլիդ պաշտոն:

«Իսկ 2020թ. հեռուստաէկրանների առջև մնացել էին միայն  60-70 տարեկան անձինք, որոնք հասկացել էին, որ իրենց լսած-տեսածը ոչ մի կապ չունի իրենց կյանքի հետ»,- ասաց Նալբանդյանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը խոսում էր տեղեկատվություն հայթայթելու միջոցների մասին. «Քանի որ հավաստի տեղեկատվությունը մեզնից թաքցնում են, և այն, ինչ մատուցվում է, չի արտացոլում իրականությունը, դա արվում է, որովհետև այդպես է պետք»:

Մարտիրոսյանը վերլուծել է համացանցի իրավիճակը, որտեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է կտրուկ աճ. 150 հազար այցելություն: «Համացանցում հետաքրքիր երևույթներ են տեղի ունենում,-  ասաց նա,- համացանցի աշխուժացման հետ աշխուժացան նաև թերթերը, որոնք մահանում էին: Արթնացավ նաև «Թվիթերը», որը մեռած ցանց է համարվում Հայաստանում, իսկ ամենահետաքրքիրը «Ադնակլասնիկիի» թռիչքն էր, որը, իմ կարծիքով, պետք է  որ մեռներ. 320 հազար օգտատերերի թիվը  դարձել է 500 հազար»:

Ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանն ընդգծեց իր մասնագիտության կարևորությունը լրատվամիջոցներում և ասաց, որ դրա նկատմամբ Հայաստանում արհամարհական վերաբերմունք կա, քանի որ բոլորը համացանցում փնտրում և անորակ նկարներ են վերցնում, իսկ հեղինակային նկարներ օգտագործելուց էլ  չեն նշում հեղինակի անունը:

«Ռեպորտաժ պատրաստելիս լրագրողները ներկայացնում են. «Սա իմ լուսանկարիչն է»: Եվ դա այնպես են ասում, կարծես ասեն՝ սա իմ դիկտաֆոնն է,- ասաց նա,- պարտադիր չէ, որ լրատվամիջոցը պահի 6 լրագրող և ոչ մի լուսանկարիչ»:

Հայրապետյանի նախագծում արտասահմանյան լրագրերից բերված լուսանկարներ էին, որտեղ ֆոտոն զբաղեցնում էր էջի կեսը: «Տեսեք` ինչքան տեղ են հատկացրել լուսանկարին,- ասաց նա,- ես համոզված եմ, որ ընթերցողները հաճույքով են նայում նյութի համար տեղադրված նկարները, նյութի համար միայն տեքստը  բավական չէ, պետք է նաև ցույց տալ»:

Ժամանակը շատ արագ է թռչում, ոչ ոք չի հասցնում ձանձրանալ: Հաստ և բարակ ամսագիր, թերթ կամ գիրք ունենալու մասին ներկայացմանը հաջորդում է Հայաստանի քաղաքաշինության անմխիթար վիճակը բնութագրող ամսագրի գործունեության ներկայացումը. ներկաների ծափողջույնների տակ էկրանին երևում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճն ու Էջմիածնում փլվելու վտանգի տակ հայտնված Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը, որտեղ դրված դաշնամուրով նվագել է Կոմիտասը:

«Փեչա-քուչա»-ն  վերջանում է, բայց մարդիկ չեն շտապում հեռանալ, իսկ չորս հոգի արդեն մոտեցել և հաջորդ  «Փեչա-քուչա»-ին  մասնակցելու հայտ են ներկայացրել:

Դիտվել է 2466 անգամ:
Print Friendly

Leave a Reply